Հերոս Նոյի սխրանքները․ Ընկերների հետ նահանջի տպավորություն է ստեղծել ու հակագրոհի անցնելով՝ փրկել 10 ընկերների կյանք

19-ամյա հերոս հետախույզ Նոյ Թևոնյանը կյանքը զոհեց հանուն հայրենիքի։ Նա այն հերոսներից էր, որ պայքարեց մինչև վերջ ու կյանքը զոհեց հայրենիքին։

«Պատերազմի առաջին, թե երկրորդ օրն իրենց մոտ զինամթերքով մեքենա էր շրջվել: Մեքենան այրվելուց է եղել, մեջն էլ՝ զինվոր: Ինքը վազել մեքենայի մեջից զինվորին դուրս էր հանել: Ճիշտ է, այդ տղան մահացել էր, բայց դին գոնե չէր մոխրացել»:

Նոյը վերջին տարիներին Մոսկվայում էր բնակվում, 18 տարին լրանալուն պես հայկական բանակ զորակոչվելու ճանապարհը բռնեց: Ասում էր՝ ես իմ ապագան այնտեղ եմ տեսնում, իմ Գեղամա լեռներում ու սարերում:

Նա ընտանիքի միակ ու սպասված որդին էր: Մատաղիսում է ծառայել: Զինընկերներն ընտանիքին պատմել են, որ պատերազմի անգամ ամենաթեժ պահերին, կրակների տակ սլացող զինվորական մեքենայի մեջից կարողանում էր պահի տակ դուրս թռչել ու «դրոնները» հավաքել, հետո էլ վերանորոգում ու գործարկման էր վերադարձնում:

Նոյը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սան էր, ռոբոտաշինությամբ էր զբաղվում։ Մերօրյա հերոսի հայրը՝ Լյովա Թևոնյանը, ով 92-94 թվականներին անցել է Արցախյան պատերազմի միջով, ոստիկանության մայոր է, որդու համար մշտապես օրինակելի կերպար է եղել:

«Մարտական գործողությունների ընթացքում ինչ-որ պահ 10 հոգով անելանելի վիճակում են հայտնվել, անգամ զանգել է Մոսկվա, ազատամարտիկ հորիցս խորհուրդներ հարցրել, թե ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել տվյալ դեպքում։ Մարտական մյուս ընկերների հետ նահանջի տպավորություն են ստեղծել ու հակագրոհի անցել՝ փրկելով 10 ընկերների կյանքը», — հպարտությամբ պատմում է քույրը:

Հոկտեմբերի 9-ին հերթական առաջադրանքը կատարելիս 19-ամյա հերոսի երկրային կյանքի թելը կտրվեց: Նրա զոհվելու մասին ընտանիքն իմացել է երկու օր անց: Վերջին վայրկյաններին կողքին եղած ընկերները պատմել են, որ ռազմաճակատում աչքի ընկնող երիտասարդը ծանր տեխնիկայի հարվածից է զոհվել: