«Շուշի գնալու գիշերը եղավ մեր վերջին հանդիպումը։ Ձեռքով խաչ արեցի մեջքին, ու ասեցի` «Զգույշ կլինես, դուխով, հետդ եմ, չվախենա՛ս»․ Անմահ հերոս Սերյոժաի մասին պատմում են ընկերները

Արցախյան 2-րդ պատերազմում անմահացած Սերյոժա Մխոյանը ծնվել է 2002 թվականի փետրվարին Վարդենիկ գյուղում։ Դպրոցական տարիներին հաճախել է շախմատի, բռնցքամարտի և պարի։

Սերյոժան զորակոչվել է բանակ 2020 թ-ի հուլիսին։ Ծառայության է անցել Արցախի Հանրապետության Հադրութի զորամասերից մեկում, եղել է դիպուկահար։ Պատերազմի առաջին օրերին եղել է Հադրութի դիրքերում, որտեղ 3 օր զինակից ընկերների հետ գտնվել է շրջափակման մեջ։

Շրջափակումից դուրս են եկել և մարտը շարունակել Մարտունու դիրքերում, այնուհետև տեղափոխվել է Ասկերան, հետո Շուշի։ «Շուշի գնալու գիշերը եղավ մեր վերջին հանդիպումը։ Ուշ երեկո էր արդեն, պատրաստվում էինք քնել, պարկած էր սենյակում։ Հանեցի քնից ու ասացի, որ մեզ տանում են, հնարավոր է սա մեր վերջին հանդիպումն է։ Գրկեցի, համբուրեցի, գրկելու ընթացքում ձեռքով խաչ արեցի մեջքին, ու ասեցի` «Զգույշ կլինես, դուխով, հետդ եմ, Աստված քո հետ, չվախենա՛ս», ցավոք, բայց դա իսկապես մեր վերջին հանդիպումն էր …»,- հիշում է հերոսի ընկերը՝ Արմենը։

 Շուշիում վիրավոր ընկերներին ցուցաբերելով առաջին բուժօգնություն՝ Սերյոժան փորձել է նրանց հասցնել շտապօգնության մեքենայի մոտ և վերադառնալով մարտի դաշտ՝ վիրավորվել է նաև ինքն ու հերոսաբար ընկել Շուշիի մարտերում։