«Մա՜մ, ինչի բոլոր զինվորները պատերազմից տուն եկան, իսկ իմ պապան չէ». ՀԵՐՈՍ Հրանտի 5-ամյա որդին դեռ սպասում է հորը

Հրանտ Ալբերտի Ասատրյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 1993 թվականից մինչև 2001 թվականը սովորել է Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոցում՝ ստանալով 8-ամյա կրթություն: Այնուհետև որպես ռադիոտեխնիկ՝ սովորել և ավարտել է թիվ 33 ավագ դպրոցը:

Ծառայության է անցել 2004 թվականի դեկտեմբերի 17-ին: Ծառայել է Մարտակերտում՝ հրաձգային գումարտակում: 2006 թվականին զորացրվել է:

2020 թվականի փետրվարի 13-ին որոշում է ծառայության անցնել Արարատ ԶՕԴ-ում: Շատ կարճ ժամանակահատվածում սկսում է վայելել զորամասի անձնակազմի սերն ու հարգանքը:

Կնոջ խոսքով՝ նա յուրահատուկ էր, ցանկացածի նկատմամբ ուշադիր, օգնող ու կարեկցող, նեղության պահին հասնում էր բոլորին ու սատարում ինչով, որ կարողանում էր:

May be an image of 6 people and people standing
"Համատեղ կյանքում՝ երբևէ մտքովս չէր անցել, որ գալու է մի պահ, որ իմ ամենահարազատի մասին ստիպված լինեմ խոսել ու հիշել արցունքոտ աչքերով: Նա ինձ համար եղել է հենարան, եղել է մի ուրիշ աշխարհ, և կա ու կլինի": 

Գրեթե 7-8 ամսվա աշխատող էր Հրանտը, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Ռազմաճակատ մեկնել է հոկտեմբերի 8-ին: Մասնակցել է Ջրականի համառ մարտերին և 5 օր կռիվ տալուց հետո՝ հոկտեմբերի 13-ին՝ ընկնում է Հերոսի մահով:

Վերջին անգամ կնոջ հետ խոսել է հոկտեմբերի 11-ին՝ խոստանալով, որ անպայման հետ է գալու ու որ մենակ չի թողնելու իր ընտանիքին, բայց, ցավոք չկարողացավ իրագործել տված խոստումը ու այլևս հետ չվերադարձավ, անմահացավ ու հավերժ Զինվոր մնաց:

Ավագ որդին՝ Ալբերտը, ով ընդամենը 5 տարեկան է, մինչև հիմա սպասում է հայրիկի վերադարձին, սպասում է, որ մի օր կգա ու ջերմորեն կգրկի իրեն: Շատ կապված էր հայրիկի հետ, սիրում էր անսահման սիրով, քանզի հայրը միշտ ուշադիր էր օրվա գրեթե մեծ մասը անցկացնել որդու հետ՝ խաղում էր հետը, տանում զբոսնելու, նոր խաղալիքներ էր գնում, մի խոսքով, կատարում էր նրա բոլոր կամակորություններն ու քմահաճույքները:

Ալբերտը միշտ հիշում ու կարոտում է հայրիկին: Նայելով հոր նկարին՝ լացակումած ձայնով հարցնում է. «Մա՜մ, ինչի բոլոր զինվորները պատերազմից տուն եկան, իսկ իմ պապան չէ»:

Բազմաթիվ իղձեր ու նպատակներ ուներ Հրանտ Ասատրյանը, որոնք անկատար մնացին:

"Այս ծանր ու դժվարին պահին ես իրավունք չունեմ ընկճվելու և թուլանալու: Ես խոստացել եմ իրեն ու ինքս ինձ, որ պետք է շարունակեմ ապրել: Քանզի հիմա՝ առավել ևս մեծ պատասխանատվություն կա իմ ուսերին. ես պետք է մեծացնեմ մեր երկու որդիներին, դաստիարակեմ, պատմեմ իրենց հայրենասեր հայրիկի Հերոսությունների մասին, որ իրենք ևս հպարտ լինեն իրենց Հերոս հայրիկով ու շարունակեն նրա կիսատ թողած գործը":

Ընդամենը 34 գարուն ապրեց Հրանտը, բայց թողեց այնպիսի անուն, հարգանք պատիվ ու շնորհք, որ շատերին նույնիսկ մի ամբողջ կյանք չի բավականացնի: Քո ժառանգները դեռ շատ են հպարտանալու քեզնով, իսկ սերունդները՝ նորանոր հաղթանակներ են կերտելու:

Հավերժ փառք ու պատիվ մեր Հերոս տղերքին