“Պահեստազորի տղաները՝ Հովհաննեսն ու իր ընկերները, փրկել են իրենց հետ դիրքում եղած ժամկետայիններին”.  Անմահ հերոսի սխրանքները

Հովհաննես Պորտուգալյանը Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկն է։ Պատերազմի ժամանակ կռվել է Վարանդայի (Ֆիզուլի) հատվածում, ընկերների հետ միասին դիմադրել դիվերսիոն ներթափանցման փորձերին ու մասնակցել ընթացող թեժ մարտերին:

«Օրեր շարունակ լուռ էր, մտահոգ, ինքն իր նման չէր, ինքն իր տեղում չէր, անհամբեր էր: Հոկտեմբերի 5-ին զորակոչի նամակը եկավ ու մեկնեց պատերազմ»,- պատմում է Հովհաննեսի կինը:

«Պահեստազորի տղաները՝ Հովհաննեսն ու իր ընկերները, փրկել են իրենց հետ դիրքում եղած ժամկետայիններին: Երբ անձնակազմը հսկողություն իրականացնելիս է եղել ԱԹՍ-ն ընկել է դիրքի վրա, ինչի հետևանքով մեկ զոհ և 3 վիրավոր են ունեցել»,- պատմում է Լիաննան։

Վիրավորների մեջ էր նաև Հովհաննեսը: Նրանց «Ուրալ» մակնիշի մեքենայով փորձել են հասցնել զինվորական հոսպիտալ, ճանապարհին հանդիպել են թշնամու կողմից դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ իրականացնող խմբի ու հայտնվել շրջափակման մեջ: Դեպքից հետո ամուսնուց նորություն չի ունեցել, իսկ հետո էլ որոնողական աշխատանքների ժամանակ գտել են մարմինը։

Հովհաննես Պորտուգալյանը ամուսնացած էր, ուներ զույգ դուստրեր։ 1999 թ. էլ զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Գորիսի զորամասերից մեկում։ Հովհաննեսը հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահի հրամանագրով «Արիության» համար մեդալով: