Աշոտը խոսում էր ազգի դավաճանների մասին և ասում. «Տեսնես մեր օրերում նման տականքներ կան». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Աշոտի պատմությունը

Աշոտ Թորգոմի Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 12-ին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում: Կենսուրախ, երբեմն չարաճճի և աշխատասեր տղա էր:

2007-2019թթ. սովորել է Այգեշատի միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ լրագրություն ֆակուլտետը: Հաճախել է նաև շախմատի, ըմբշամարտի, լողի և պատանի թատերագետի խմբակների: Սիրում էր գրականություն և պատմություն առարկաները: Կարող էր անդադար պատմել Հայ արքաների սխրանքների մասին:

Հայ գրողներից առանձնացնում էր Եղիշե Չարենցին, իսկ նրա բանաստեղծություններից շատ էր սիրում «Պատգամ»-ը, որի միջոցով Չարենցը Հայ ժողովրդին հաղորդել էր. «Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Աշոտը շատ Հայրենասեր էր, հայոց պատմությունը կարդում էր ու վրդովված (աչքերի մեջ բոց էր առկայծում) խոսում էր ազգի դավաճանների մասին և ասում. «Տեսնես մեր օրերում նման տականքներ կան»: Ավաղ…

2019 թվականի հուլիսի 12-ին զորակոչվել է Հայոց Բանակ: Սկզբում ծառայությունը անցել է Մուղնիի ուսումնական զորամասում, հետո ԼՂՀ-ի Մատաղիսի զորամասում՝ գնդի ՀՕՊ դասակում, որպես ավագ գնդացրորդ: Այնտեղ աչքի է ընկնում իր խելացիությամբ և հմտություններով:

Ցավոք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, 2 օր համառ մարտերից հետո հերոսաբար անմահացավ՝ մինչև վերջին շունչը անառիկ պահելով Արցախի օդային սահմանը:

Հավերժ փառք ու պատիվ մեր Հերոս տղերքին