Հարցնում էր՝ անեկդոտ-մանեկդոտ չկա՞. գիտե՞ք՝ ով էր դարձել Ավետիք Իսահակյանի թիրախը, ում ամեն անգամ տեսնելիս նա այս հարցն էր տալիս

Ավետիք Իսահակյանի թիրախը, ում ամեն անգամ տեսնելիս նա այդ հարցն էր տալիս արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Բեսն էր:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Գարեգին Բեսի ՝ Ավ. Իսահակյանին նվիրված հուշանովելը:

 Խաղաղ զբաղմունքի տեր մարդիկ էինք: Մեր զենքը գրիչն էր, մարտադաշտը` թուղթը: Ծնունդ էր, թե մահ, սեր էր, թե ատելություն, ուրախություն էր, թե տխրություն, գրչով էր կատարվում, թղթի վրա: Մեկ-մեկ եթե սպանության, արյուն թափելու հարկ էր լինում, էլի գրչով էր կատարվում, էլի թղթի վրա: Ու երբ հեռանում էինք գրասեղանից, հոգով ու մարմնով հանգիստ էինք լինում. ապրող, շնչող մարդուն դժբախտություն բերող ոչինչ չէինք արել:

 Ազատ ժամերին հավաքվում էինք Գրողների տանը: Ընկերներ կային, բարեկամներ, հանդիպել էր պետք: Խումբ-խումբ նստում էինք դահլիճի պատերի երկայնքով շարված բազմոցներին, ասում-խոսում գրական, ոչ գրական, սակայն միշտ բոլորիս հուզող այս-այն հարցի մասին:

Հաճախ մեր զրույցներին, ավելի ճիշտ մեզ էր միանում այդ պահին Գրողների տանը հայտնված Ավետիկ Իսահակյանը, մեր Նախագահը, մեր Վարպետը:

Էլ ի՞նչ խումբ-խումբ նստել. շրջան էինք կազմում, կենտրոնում` Իսահակյանը: Եվ ավելի աշխույժ, ավելի բովանդակալից էին դառնում մեր ասուլիսները:

Ու երբ, թվում էր, սպառված էին օրվա հարցերը և ցրվելու, տուն գնալու ժամանակն էր, Վարպետը, մեղմ ժպիտը դեմքին, հայացքը սրան-նրան էր դարձնում: Զգում էինք, որ ասելիք-հարցնելիք ունի:

Հարցնում էր.

— Անեկդոտ-մանեկդոտ չկա՞:

 Ինչո՞ւ չկա: Շա՜տ: Միայն թե, արի այդ հազարավոր անեկդոտների միջից ընտրիր այնպիսի մեկը, որ աշխարհ տեսած, կյանք տեսած Իսահակյանը գոհ մնա լսածից, եթե ոչ ծիծաղ, գոնե ծիծաղի ստվեր հիշեցնող բան երևա նրա դեմքին:

Ես, ինչ ճիշտ է` ճիշտ է, հեռու էի մնում գայթակղումներից. հանկարծ ինքս չդառնամ ծիծաղի առարկա: Լինում էին այնպիսիները, որ պատրաստակամ արձագանքում էին.

— Կա՜, Վարպետ:

Իսահակյանը դեմքը շրջում էր դեպի խոսողը.

— Որ կա, ինչի՞ ես պահում: Պատմիր:

Ու պատմում էին:

Վարպետը լսում էր անեկդոտը, մերթ, իսկապես, լիաթոք ծիծաղում, մերթ հազիվ ժպտում, մերթ էլ, ուղղակի, չէր թաքցնում դժգոհությունը.

— Հեչ բան էր:

Ասում էր ու բարձրանում տեղից:

Մենք էլ էինք ոտքի կանգնում, ցրվում մեր տները:

Մի անգամ, երբ կրկին մեզ հասավ Իսահակյանի` «Անեկդոտ-մանեկդոտ չկա՞ն», ինչպես պատահեց, ինքս էլ չհասկացա, բերանիցս դուրս թռավ.

— Կա՛ Վարպետ:

Հայացքը դարձրեց ինձ:

— Որ կա, ինչի՞ ես պահում: Պատմիր:

Ճա՞րս ինչ, պատմեցի:

Խոսքը առերես ամուսնուն նվիրված, իրականում ամեն քայլափոխի նրան դավաճանող կնոջ մասին էր:

Վարպետը լսեց-լսեց և, չէի սպասի քա՜հ-քահ ծիծաղեց: Աչքերը ջրակալվեցին: Երբ մի քիչ խաղաղվեց, ասաց.

 — Էդպես է, բա՜: Զուր տե՞ղն եմ գրել. «Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին»:

Այդ էր ու այդ. թիրախ դարձա նրա համար: Որտեղ հանդիպում էր, երբ հանդիպում էր, ինչպիսի պայմաներում էր սեղմում էր պատին, իր սիրած հարցը դեմ անում ճակատիս.

 — Անեկդոտ-մանեկդոտ չկա՞:

Լինելիս` կամ ծիծաղ, կամ ծիծաղի ստվեր, կամ էլ, կարճ ու կտրուկ.

— Հեչ բան էր:

Այսպես տարիներ շարունակ:

Ու թվում էր, սահման և վերջ չէին ունենալու մեր հավաքույթները, մեր ասուլիսները: Թվում էր, միշտ էինք լինելու մենք, կենտրոնում` Իսահակյանը, բաժանման պահին նրա հավերժական.

— Անեկդոտ-մանեկդոտ չկա՞:

 Գարեգին Բես «Երկեր երեք գրքով. գիրք երրորդ»