Ինչպե՞ս գերմանացին սիրահարվեց դուդուկին, եկավ Հայաստան և դարձավ Սուրիկ Դուդուկյան

Գերմանացի Սուրոն սիրահարվել է հայկական դուդուկին, արդեն 8 անգամ եղել է Հայաստանում և երազում է Բեռլինում կազմակերպել հայկական երաժշտության փառատոն:

Զուրեն Բիրկեն ծնվել է Գերմանիայի Շտրալզունդ քաղաքում։ Դուդուկի հանդեպ Զուրենի՝ բառերով չնկարագրվող սերը ծնվեց 2000թ.-ին, երբ Բեռլինում մեծ էկրանին դիտեց «Գլադիատոր» ֆիլմը:

«Մի հատված կա, որ Ջիվան Գասպարյանը դուդուկով Հանս Զիմերի երաժշտությունն է նվագում, իհարկե այս մանրամասները հետո իմացա, բայց այդ շատ կարճ կտորը «կպավ» սրտիս, հասավ հոգուս խորքը»,- պատմում է Զուրենը։

2001թ.-ին Աթենքում երաժշտական խանութում մի դուդուկ գտավ, գնեց, ոգևորված բերեց հյուրանոցի համար, որ վերջապես փորձի կախարդական այդ գործիքը, սակայն դուդուկն այնքան անորակ էր, որ հենց հյուրանոցում կոտրվեց: Զուրենն էլի մնաց առանց դուդուկ։ 2006թ.-ին, առաջին անգամ նա եկավ Հայաստան և վերջապես գնեց իր առաջին դուդուկը:

Դուդուկով վերադարձավ Բեռլին ու սկսեց ինքնուրույն պարապել: 2009թ.-ին նա Բեռլինում կազմակերպեց Ջիվան Գասպարյանի և Գևորգ Դաբաղյանի համերգը։ Հիմա Զուրենը և ընկերները ֆիլմ են նկարահանում դուդուկի մասին, փորձում բացահայտել, թե ինչու է դուդուկը հենց Հայաստանում ծնվել, ինչու է այն այդքան պատմում հայերի պատմությունը։

«Հայերը շատ յուրահատուկ ապրելաձև ու կյանքի փիլիսոփայություն ունեն, բացսիրտ են, բայց նաև դիմակայելու, պայքարելու ուժ ունեն, իմաստուն են. այդ ամենն ինձ դուդուկն է պատմել։ Ինձ համար դուդուկ նվագելը շատ մեծ նվեր է կյանքից»: Զուրենին Գևորգ Դաբաղյանը հայկական անուն է տվել Սուրիկ Դուդուկյան, Հայաստանում նրան բոլորը դիմում են Սուրո կամ Սուրեն, հայերի հետ ծանոթանալիս այդպես էլ ներկայանում է՝ Սուրո:

Զուրենը հասկանում է, որ օտար երկրում դուդուկ նվագելը նշանակում է նաև հայկական երաժշտության ու Հայաստանի դեսպանը լինել, ինչն իր համար պատասխանատվություն և պարտականություն է: Զուրենն արդեն հասցրել է 8 անգամ լինել Հայաստանում: