Երբ 1903 թվականին ցարական Ռուսաստանը բացում է հայկական եկեղեցու գանձարանը՝ ապշում է․ փաստորեն այնտեղ չկար այն, ինչի հետևից եկել էին

1903 թվականին ցարական հրովարտակով հայոց եկեղեցիները զրկվում են իրենց կալվածքներից, գույքից և այդ ամենը պետք է վերցվեր արքունիքի կողմից։ Այդ որոշումը բորբոքում է Էջմիածնի, ինչպես նաև այլ քաղաքների, գյուղերի բնակիչներին։ Ոտքի է ելնում ողջ հայությունը և որոշում է դեմ դուրս գալ այդ հրովարտակի կայացմանը։

Հատկանշական է, որ համաժողովրդական ընդվզման առաջին շարքերում հայ մտավորականներն էին, երևելիներն ու արվեստի գործիչները։ Այդ օրերի իրադարձությունների մասին բացառիկ հուշ է ներկայացնում հայ անվանի լեզվաբան Հրաչյա Աճառյանը։

Աճառյանը մանրամասնությամբ պատմում է եկեղեցու ըմբոստ «կռվի» մասին` ցարական հրովարտակի դեմ։

«Ազգային մարմինները և ամբողջ ժողովուրդը մի մարդու պես դուրս եկան այս հրամանի դեմ։ Պահանջեցին հոգևոր իշխանությունից և հատկապես կաթողիկոսից, որ չստորագրեն հրամանը և կալվածքները չհանձնեն։ Կառավարությունը կարող էր բռնի ուժով գրավել այդ բոլորը` իբրև ավազակ։ Էջմիածնում ևս կազմակերպվեց դիմադրություն։ Մի քանի երիտասարդներ ներկայանում են կաթողիկոսին և առաջարկում են, որ կաթողիկոսը չստորագրի. «Խա՜, ո՞ւր էիք դուք, երբ Հայրիկը երիտասարդ էր, ձի նստած գյուղե-գյուղ ման կուգար և ժողովրդին հեղափոխություն կսովորեցներ։ Գացե՜ք, Հայրիկը գիտե իր անելիքը, ձեր խրատին պետք չունի»։ Երիտասարդներն ուրախացած մեկնում են։

Երևանում նույնպես կազմակերպվում է ժողովրդական ցույց` առաջնորդարանի առաջ։ Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը երկու ընկերներով վերցնում են առաջնորդ Սուքիաս եպիսկոպոս Պարզյանին և գնալով Էջմիածին, ներկայանում են կաթողիկոսին և հանուն ազգի և ժողովրդի պահանջում են, որ չստորագրի։ Կաթողիկոսը խոստանում է։

Թղթեր են գալիս նաև Կոստանդնուպոլսի պատրիարքարանից և պահանջում են չտալ մեր ազգային գումարները կառավարությանը, որովհետև նրանք ոչ թե պատկանում են միայն ռուսահայոց, այլև մեծագույն մասամբ հնդկահայոց, պարսկահայոց, տաճկահայոց, ամերիկահայոց և այլն։

Հասնում է վճռական օրը։ Նահանգապետ կոմս Դիզենհաուերը ներկայանում է կաթողիկոսին և խնդրում է, որ ստորագրի, կաթողիկոսը մերժում է։ Կոմսը մի քանի անգամ կրկնում է իր խնդրանքը, բայց կաթողիկոսը պատասխանում է.

«Գնա՜, գնա՜ կըսեմ քեզի, կհասկնա՞ս ինչ կնշանակե գնա. Իշտե անոր «փաշոլ» կըսեն»։ Դիզենհաուերը մեկնում է։

Կանչում են Վաղարշապատի հայ դարբիններին, որպեսզի կոտրեն գանձարկղը, որի բանալին կաթողիկոսը չէր հանձնած։ հայ դարբինները հրաժարվում են։ Այն ժամանակ կոմսը Երևանից բերել է տալիս ռուս դարբիններ, որոնք տապարներով սկսում են ջարդել գանձարկղը։ Գիշեր էր։ Կաթողիկոսը վերևի հարկում լսում էր այդ հարվածների ձայնը և չդիմանալով` թողնում գնում է Հռիփսիմեի վանքը։ Մինչև լույս դարբինները ջարդում են գանձարկղը և վերջապես կոտրում։ Բաց են անում և գտնում են, ինչպես ասում են, մի մուրհակ և 5 ռուբլի։ Ուրիշներ ասում են, թե մինչև 30 000 ռուբլի եղել է։ Այս եղավ ամեն կողմ։ Գալիցինը, որ կարծում էր, թե Հայոց եկեղեցին միլիոններ ունի, ձեռքը գլխին է խփում և ասում է. «Ես հայերին չեմ ճանաչել»։