«Կյանքիս ամենատխուր երկու պահերից մեկը Գևորգի մահվան լուրը լսելն էր». ինչպե՞ս և ու՞մ ձեռքերի վրա զոհվեց ՀԱՅ ՖԻԴԱՅԻ Գևորգ Չաուշը

Թուրքերի հետապնդումներից ֆիդայիները փախչելով՝ գալիս են Մշո դաշտի Սուլուխ գյուղ։ Ֆիդայիները 3 օր մնում են այդտեղ և նույնիսկ պահակ չեն նշանակում։ Հայդուկները որոշում են քեֆ անել և ճանապարհել Ռուբեն Տեր-Մինասյանցին։

1907 թվականի մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը։ Սուլուխը մարտ վարելու համար նպատակահարմար վայր չէր, քանի որ ամբողջը հարթավայր էր, և ոչ մի սար չկար:

Ֆիդայիները ստիպված էին մարտնչել։ Գևորգը Հագոյին և մի քանի ֆիդայիների կարգադրում է կյանքի գնով պահել Սուլուխ կամուրջը: Անհավասար կռիվ է սկսվում։ Գևորգը Գալեի հետ բարձրանում է տան տանիք և այնտեղից է կռվում։ Օրվա առաջին կեսը հայերը լավ դիրքերում էին։ Նույնիսկ տապալվել էր Քյոսա Բինբաշին։ Կռվի ընթացքում զոհվեց Գալեն, իսկ քիչ անց փչացավ Գևորգի հրացանի զսպանակը։ Մինչ Գևորգը հրացանը կարգի բերեր, թշնամու գնդակը դիպավ նրա ծնկին և անցավ թիկունքի միջով։

No photo description available.
Սուլուխ կամուրջը

Թուրքերը այդ օրը 150 սպանված և 250 վիրավոր տվեցին։ Նրանք Մուշից թնդանոթ ուզեցին։ Հայերը հեռացան Սուլուխից։ Գալեի և Հագոյի դիակներն իջեցրեցին Մուրադ գետի մեջ։ Իսկ Գևորգին թողեցին Արածանիի ափին՝ կամրջի մոտ և երկու սուլուխցու կարգադրեցին հսկել։ Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին Գևորգին մահամերձ վիճակում գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը։ Գևորգը ջուր է խնդրում և ջուր խմելուց հետո մահանում է բեկի ձեռքերի վրա։

«Կյանքիս ամենատխուր երկու պահերից մեկը Գևորգի մահվան լուրը լսելն էր...» - ասել է Անդրանիկը: