Հերոս կապիտանը փրկելով 25 զինվորի կյանք, կրակոցների տարափի տակ, 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին

Պատերազմը վերջացել է, բայց բոլոր այն պատմությունները, որ այսօր ողողում են համացանցը մեր սրտում են։ Ի հայտ են գալիս նորանոր հերոսություններ ու սխրանքներ կերտող հերոսներ։ Հերոսներ, ում պարտական ենք բոլորս։ Նրանց սխրանքը հավերժ կմնա յուրաքանչյուրիս սրտում։ Մատաղ սերունդ, որ կռվեց առյուծի պես։

Շարքային զինվորների կողքին պայքարում էին հրամանատարները։ Նրանց առջև պարտքը ավելի մեծ էր, քանի որ բացի հայրենիքը պահելուց, նրանք մտածում էին իրենց տղերքի մասին, որ հանկարծ ինչ-որ մեկը չզոհվի։ Հակառակ դեպքում ի՞նչ էին ասելու նրանց ծնողներին։ Նրանցից էր կապիտան Հովսեփ Կիրակոսյանը։

Պարոն կապիտանը զոհվել է Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ՝ փրկելով իր 25 զինվորների կյանքը: Կռիվ գնալուց առաջ Հովսեփը կնոջը ասել էր՝ «25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր: Գնդակների տարափի տակ՝ իր զինվորներին թողնելով խրամատներում, անձամբ նետվել է մարտի դաշտ: Ծանր վիրավորում ստացած կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, և ինքը գերի չընկնի։ Հազար փառք ու խոնարհում հերոս կապիտան։