Հերոս Լևոնի պատմությունը․ «Կիրակի էր, հերթապահը մեզ արթնացրեց, իսկ մի ժամ հետո լսվեց «տագնա՜պ»-ը, պատերազմը սկսվել էր»

Գյումրեցի Լևոն Դավթյանը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց արցախյան երկրորդ  պատերազմը: Նա ասում է, որ սեպտեմբերի 27-ը դարձել է իր  կյանքի կարմիր գիծը, որը կիսեց իր ապրած 19 տարիները:

«Կիրակի էր, հերթապահը մեզ արթնացրեց. մենք ունեինք 45 րոպե ժամանակ՝ հագնվելու, լվացվելու, մեզ կարգի բերելու, անկողինը հարդարելու և շարվելու համար: Հրամանատարներիցս մեկը շնչակտուր մտնելով զորամաս, բարձր գոռաց՝ «տագնա՜պ», և միացվեց ազդանշանը։ Վերցրի զենքս, զրահաբաճկոնս, զենք և զինամթերք ու շտապ վազեցինք դեպի ավտոհավաքակայան»,- պատմում է 19-ամյա զինծառայողը:

Նրա խոսքով՝ մտածել են,  որ հերթական ուսումնական տագնապն է:

«Երբ նստած էինք դեռ մեքենայում, ծոցագրպանիցս հանեցի հեռախոսս, մտա ֆեյսբուք և հենց առաջին բերված գրառման մեջ կարդացի՝ Արցախում վերսկսվել են մարտական գործողությունները, թշնամին, գործի դնելով  իր տրամադրության տակ եղած ամբողջ զինանոցը, հարձակում է սկսել շփման գծի ամբողջ երկայնքով։ Մի պահ քարացա, իսկ հետո ասցի․ -Տղե՛ք, պատերազմ է սկսվել»։

Նա պատմում է, որ պատերազմի ժամանակ, երբ արցունք էր գալիս իրենց աչքերից, դրանք ոչ թե վախի կամ դժվարությունների համար էին, այլ իրենց զինակից ընկերների կորստի համար: Նա ասում է, որ ոչ ոք պատերազմից չի վերադառնում առաջվանը։ Նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության մասին հիվանդանոցում է իմացել։ Զինվորի համար ամենքաղցր բանը ընտանիքի հետ հանդիպումն է, հենց այդ օրերին էլ հանդիպել է ընտանիքին,  բայց ասում է, որ սրտից արյուն է կաթում՝ տված հողերի համար, քանի որ ընկերների արյան գնով են պահել։