Արտասովոր իրանցու պատմությունը․ ինչպե՞ս է նա ապրում Հայաստանում և ինչպես է երգում Կոմիտաս՝ հայկական եկեղեցում

Այն, որ Ամիրը մաքուր իրանցի է, ավելին՝ մահմեդական, մտքովդ չի էլ անցնում, հատկապես, երբ լսում ես Կոմիտասի կամ Եկմալյանի պատարագը նրա կատարմամբ։

Մահմեդական իրանցին այնքան է սիրել Կոմիտասի ու Եկմալյանի պատարագները, որ դրանք եկեղեցում է կատարում և Հայաստանը իր տունն է համարում։ Ամիր Վաֆային ծնվել է Թեհրանում։ Մայրական կողմից գրեթե բոլոր ազգականները երաժիշտներ են։ Նա ընտանիքի չորրորդ զավակն է։

Նա եկավ Հայաստան և ընդունվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժնի միանգամից երկրորդ կուրս։ Կոնսերվատորիայում սկսվեց և դրանից հետո շարունակվեց Ամիրի հայաստանյան երաժշտական ակտիվ կյանքը։ Երգչախմբերի կազմում նա երգել է հայկական տարբեր եկեղեցիներում։

«Ինձ շատ են հարցնում, որ եկեղեցում երգում ես, քեզ ինչպես են թույլ տալիս։ Ինձ համար առաջնայինը երաժշտությունն է, ու ես մի այլ կարգի հաճույք եմ ստանում Կոմիտասի պատարագից, Եկմալյան էլ եմ երգել, բայց Կոմիտասն ուրիշ է»,-ասում է Ամիրն։

Իրանում իրենց տունը հայկական թաղամասում էր, այնպես որ երբ կտուր էր բարձրանում, միշտ հայկական եկեղեցիների երեք խաչերն էր տեսնում։ Հիմա էլ, երբ խնդիրներ է ունենում, մայրն իր համար աղոթում է, անգամ գնում Թեհրանի հայկական եկեղեցում մոմ վառելու։