Լսե՞լ եք Բեհիսթունյան արձանագրության մասին. ի՞նչ կապ ունի այն ՀԱՅԵՐԻ հետ և քանի՞ անունով է նշվում ՀԱՅԱՍՏԱՆԸ

Բեհիսթունյան արձանագրությունը գտնվում է Իրանում՝ Քերմանշահից Բաբելոն տանող ճանապարհի վրա, Բեհիսթուն գյուղում, համանուն ժայռի վրա: Արձանագրությունը կազմվել է Ք.ա 522-521 թթ, Աքեմենյան արքա Դարեհ 1-ինի կողմից: Այն պատմում է Աքեմենյան Իրանի արքա Կամբյուսեսի մահից հետո կայսրության տարածքում առաջացած ապստամբության և Դարեհի կողմից ճնշելու մասին: Ապստամբ երկրների մեջ է նաև Հայաստանը, որը նշվում է ՈՒրաշտու, Հարմինույա և Արմինա անուններով:

Գրված է երեք լեզուներո՝ հին պարսկերեն, էլամերեն և աքքադերեն: Այն վերծանել է Հենրի Ռոուլինսոնը, 1830-40 ական թվերին:

Արձանագրության մեջ գրված է.

«Դարեհ թագավորն ասում է. Երբ ես Բաբելոնի մեջ էի գտնվում, իմ դեմ ապստամբեցին հետևյալ երկրները՝ Պարսկաստան, Շոշաստան, Մեդիա, Ասորիք, Եգիպտոս, Պարթևստան, Մարգիանա, Սատտագուշ (Պենջաբ), Հայաստան («Արմենիա»)։

…Դարեհ թագավորն ասում է. Արդ՝ Արմենիա («Արմինա») ուղարկեցի մի արմեն («արմենիյա») իմ Դադարշիշ անունով ծառային և այսպես պատվիրեցի. «Գնա՛, նվաճի՛ր այդ ապստամբ ժողովրդին, որ ինձ չի հպատակվում»։ Դադարշիշը գնաց Արմենիան նվաճելու։ Երբ նա եկավ Արմենիա, ապստամբները դուրս եկան Դադարշիշի դեմ ճակատամարտ տալու համար։ Դադարշիշը ճակատամարտն ընդունեց։ Արմենիայի մեջ Զուզա անունով մի ավան կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի` իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամու բանակից։ Թուրավահարա ամսի 8-ին էր (Ըստ Յուստիի՝ 521 թվականի ապրիլի 19, իսկ ըստ Կյոնիգի՝ 521 թվականի մայիսի 21), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։

…Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երկրորդ անգամ հավաքեցին իրենց ուժերը և նորից դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Տիգրա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի` իմ բանակը թշնամու բանակին հալածեց։ Թուրավահարա ամսի 18-ն էր (ըստ Յուստիի՝ 521 թվականի ապրիլի 29, իսկ ըստ Կյոնիգի՝ 521 թվականի մայիսի 31), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։

…Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երրորդ անգամ հավաքվեցին և դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Ուհյամա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի` իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամի բանակից։ Թայգրաչի ամսի 9-ն էր (Ըստ Յուստիի՝ 521 թվականի մայիսի 20, ըստ Կյոնիգի՝ 521 թվականի հունիսի 21), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Հետո Դադարշիշը, հնազանդվելով իմ հրամանին, մնաց Արմենիայում, մինչդեռ ես իմ նիզակը ուղղում էի դեպի Մեդիա։

…Դարեհ թագավորն ասում է. այնուհետև Արմենիա ուղարկեցի Վահումիսա անունով մի պարսկի, իմ ծառային, և այսպես պատվիրեցի. «Գնա’, նվաճի’ր այդ ապստամբ ժողովուրդն, որ ինձ չի հնազանդվում»։ Վահումիսան գնաց Արմենիան նվաճելու։ Ապստամբները հավաքվեցին և դուրս ելան Վահումիսայի դեմ պատերազմի։ Ասորեստանի մեջ Իզալա անունով մի երկիր կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի` իմ բանակը շատ մարդ սպանեց ապստամբների բանակից։ Անամակա ամսի 15-ն էր (ըստ Յուստիի՝ 520 թվականի հունվարի 18, ըստ Կյոնիգի՝ 522 թվականի դեկտեմբերի 31), երբ ճակատամարտը տեղի ունեցավ»: