Սա էլ հո ՀԱՅԵՐԸ չեն ասում. տեսե՛ք, թե ինչ է գրել հին հույն պատմիչը ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածքների մասին
Անտիկ հեղինակներից Հայաստանի և հայերի մասին առաջինը գրել է Հերոդոտոս Հալիկառնասեցին (Ք.ա. 484-425 թթ.): Թեև նրա նպատակն է եղել գրել հույն-պարսկական պատերազմների պատմությունը, այնուամենայնիվ նա անդրադարձել է նաև հայերին ու հայոց երկրին:
Չնայած տեղեկությունները մեծաքանակ չեն, սակայն էական նշանակություն ունեն հատկապես մեր օրերում, և հատկապես նման իրավիճակում, երբ անընդհատ տարածքային տարաձայնություններ են առաջանում հայերի և թշնամու միջև, երբ ոչ միայն թշնամին, այլև այլ՝ հիմնականում մեծ տերություններ հեշտությամբ «բաժանում են» սեփական երկրիդ տարածքը:
Ավելին, Հայաստանի իրական տարածքների թեման այսօր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, քանի որ ուղղակիորեն կապված է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը:

Եվ այս պարագայում պատմություն ուսումնասիրելը, գուցե պարզապես իմանալը կարող է լինել մեծ հակափաստարկ, անհերքելի ապացույց, որ ԴՈՒ ես տերը քո երկրի, որ այսօր թշնամին ապրում է քո երկրի պատմական տարածքներում:
Եվ այսպես, ի՞նչ է մեզ հասել Հերոդոտոսի «Պատմությունը» աշխատությունից, որտեղ խոսվում է նաև Հայաստանի տարածքի, նրա սահմանների մասին:
Հերոդոտոսը հայերին հիշատակում է պարսկական Քսերքսեսի բանակում: Վերջինս 480 թ. արշավեց դեպի Հունաստան: Նախ՝ Ք.ա. V դ. առաջին կեսի դրությամբ, Հայաստանի տարածքին Հերոդոտոսն անդրադառնում է Փոքր Ասիայի կենտրոնական մասում Հալիս գետի հոսանքին հարող երկրների հետ առնչությամբ, նշում է, որ գետի ակունքը Հայկական լեռներն են.
«…Մեդիական և Լյուդիական տերությունների սահմանը Հալյուս գետն էր, որը հոսում է Հայաստանի լեռներից Կիլիկիայի միջով»:
Պատմագրի կողմից սահմանների ընդգծումը կատարվել է նշված գետի միջոցով: Հալիսի (ներկայիս Կըզըլ-Իրմակ գետի) ակունքերը գտնվում են հետագայի Փոքր Հայքի տարածքում: Ի դեպ, Փոքր Հայքի անջատումն ու Մեծ և Փոքր Հայքերի առաջացումը, ըստ երևույթին, թվագրվում է Ք.ա. IV դ. առաջին կեսով: Հերոդոտոսի ժամանակ դրանք միավորված են եղել մեկ՝ Հայաստան (Արմենիա) երկրի մեջ, որի հյուսիսարևմտյան սահմաններն ընդգրկել են Հալիսի ակունքները:

Հերոդոտոսը տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի հարավարևմտյան, հարավային ու հարավարևելյան սահմանների մասին: Դրանք գրեթե իրար կրկնում ու հաստատում են.
«Փռյուգիացիներին հարևան են կապադովկիացիները, որոնց մենք անվանում ենք սյուրիացիներ, սրանց հարևան են կիլիկեցիները… կիլիկեցիներին սահմանակից են արմենները, և սրանք առատ են հոտերով, իսկ արմեններին հարևան են մատիենները»:
Հերոդոտոսը որպես Հայաստանի արևմտյան հարևան է հիշատակում Կիլիկիան. «Կիլիկիայի և Արմենիայի սահմանը կազմում է նավարկելի մի գետ, որի անունն է Եփրատ»:
Հայաստանի հարավային սահմանը պատմագիրը կապում է Տիգրիս գետի վերին հոսանքի հետ: Հստակորեն ասված է. «Տիգրիսը բխում է Արմենիայից»:
Տիգրիսն այդ հատվածում հոսում է արևմուտքից արևելք: Պատմագիրը Հայաստանի հարավարևելյան հարևան համարում է մատիենների երկիրը, որը զբաղեցնում էր Ուրմիա լճի ավազանը:
Հերոդոտոսն այդ տեղերով անցնող «Թագավորական ճանապարհի» կապակցությամբ նշում է նաև Հայաստանի տարածքի ճշգրիտ երկարությունը. այդ տարածությունը Եփրատի գետանցից
մինչև մատիենների սահմանը հավասար է 56,5 փարսախ (1 փարսախը 5,5 կմ է) կամ 340 կմ-ից փոքր-ինչ ավել:
Եթե Հերոդոտոսի հիշատակությունների հիման վրա բավականաչափ հստակորեն են գծագրվում Հայաստանի արևմտյան և հարավային սահմանները, ապա նույնը չի կարելի ասել արևելյան և հյուսիսային սահմանների մասին: Այս հարցի պարզաբանումը կարելի է գտնել Հերոդոտոսի՝ Աքեմենյան տերության XVIII սատրատպությանը տված բնութագրման մեջ:
Ըստ նրա՝ այդ սատրապության բնակիչներն էին մատիենները, սասպեյրները և ալարոդները: Ակադ. Գ. Սարգսյանը, հիմնվելով Դարեհ Ա-ի հայտնի Բեհիսթունյան արձանագրության տվյալների վրա, անում է ուշագրավ եզրակացություն. Հերոդոտոսի հիշատակած ալարոդները (նույն
ուրարտացիները) հայերն են եղել…
ԱՂԲՅՈՒՐԸ՝ Ռաֆիկ Նահապետյան, «ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԱՆՏԻԿ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2018