«Ընկեր ԴԵՄԻՐՃՅԱՆ,Դուք բարոյական իրավունք չունեք ղեկավարելու մեր երկիրը». ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ բաց նամակը ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

Այս հոդվածում Ձեզ ենք ուզում ներկայացնել Սոս Սարգսյանի բաց նամակը ՝ գրված ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

Հանրապետության ներկա դրության կապակցությամբ Ձեզ հետ լրջորեն խորհրդակցելու մի շարք ապարդյուն փորձերից հետո մենք՝ Հայ մշակույթի և գիտության գործիչներս, հարկադրված ենք Ձեզ դիմել սույն բաց նամակով։

Ընկեր Դեմիրճյան, երբ Դուք 1975 թվականին դարձաք Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, Հայ ժողովուրդը անկեղծորեն մեծ հույսեր կապեց Ձեզ հետ։ Չենք կարող չխոստովանել, որ սկզբնական շրջանում Դուք իսկապես արդարացրիք այդ հույսերը, 70-ական թվականների երկրորդ կեսին Հանրապետության տնտեսությունը զգալի վերելք ապրեց: Այս հաջողությունների մեջ Ձեր անձնական ավանդն անուրանալի է:

Սակայն շուտով նշված հաջողությունները Դուք ծառայեցրիք Ձեր եսասիրական նպատակներին։ Վարելով քմահաճ, կամայական կադրային քաղաքականություն՝ Դուք Ձեզ շրջապատեցիք ծուլամիտ, շողոքորթ և կաշառակեր պաշտոնյաներով: Դուք փաստորեն վերածվեցիք բրեժնևյան տիպական պաշտոնյայի՝ ոչնչով չտարբերվելով Ռաշիդովից, Գրիշինից, Կունաևից, Ալիևից և Ռոմանովից։

Մի քանի կեղծ ինքնաքննադատական ելույթներով, որոշ պաշտոնյաներով տեղափոխումներով, Դուք փորձեցիք վերակառուցման պատրանք ստեղծել, սակայն իրականում քողարկված կերպով շարունակելով Ձեր նախկին վարքագիծը։ Դուք չօգտվեցիք ՍՄԿԿ Կենտկոմի կողմից մեծահոգաբար Ձեզ ընծայած վերակառուցելու հնարավորությունից և ապիկար գտնվեցիք ռեալիստորեն գնահատելու արդի իրադրությունը։

Նկատի ունենալով այս ամենը՝ մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք․ ընկեր Դեմիրճյան, Դուք այլևս բարոյական իրավունք չունեք ղեկավարելու մեր Հանրապետությունը, ուստի միակ խելամիտ քայլը, որին, հուսով ենք, դեռ ընդունակ եք, Ձեր կամավոր հրաժարումն է զբաղեցրած պաշտոնից։

Մարդկային անկեղծությամբ կարեկցելով Ձեզ, մենք Ձեզ մաղթում ենք առողջություն, երկար կյանք և երջանկություն։