«Մենք տգետ լինենք՝ մեզանից դուրս եկած ղեկավարն էլ տգետ կլինի». հատված ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ վերջին հացազրույցից

1915 թվականը հայ ժողովրդի  մեջ բուն դրած վախից նաև սկսվեց: Թուրքերը կարողացան մեր աչքի պեծը  կոտրել: Սկզբում մեր մեջ վախ ներարկեցին, հետո սկսեցին սրի քաշել: 

Ես կուզեմ, որ հայ ազգը այլևս այդ վախի զգացողությունը չունենա: Պետք չէ մտածել, որ թուրքերը մեզանից շատ են: Մենք, երբեք, չպիտի վախենանք, և պիտի իրենց նման նախահարձակ լինենք, ամեն տեղ, ամեն րոպե: Սա է պաշտպանության լավագույն ձևը:

Հիմա ամեն մի հայ բաժանվելիս, պիտի հաջողություն մաղթի և ասի՝ եկող տարի Վանում հանդիպենք: Ասել է պետք, դա կարող է լինել 50 տարի, 100 տարի հետո: Պիտի անընդհատ ասենք, ինչպես հրեաները, որպեսզի լինի:

Այո՛, վատ է, որ մենք փոքրաթիվ ազգ ենք, իսկ փոքրաթիվ ազգերից ավելի շատ կազմակերպվածություն է պահանջվում: Ավելի շատ տղամարդկություն է պահանջվում, քան ասենք իտալացիներից ու իսպանացիներից: Մեր փրկությունը բռունցքվելու և անվախության մեջ է:

Մեր ամենամեծ թշնամին այսօր չիմացությունն է: Աշխարհը էնպիսի մի թափով է առաջ գնում, որ մենք իրավունք չունենք ամենատարրական բաները չիմանանք: Մեր թշնամին տգիտությունն է: Եթե մենք տգետ լինենք, մեզանից դուրս եկած ղեկավարն էլ կարող է տգետ լինել: Տգետ մարդը անհաղթահարելի է: Եթե տգետին պաշտոն ես տալիս, դա սոսկալի մի երևույթ է:

Հիշե՛ք հույսներս պիտի միայն ու միայն մեզ վրա դնենք, անշուշտ, Ռուսիո հովանու ներքո: Սխալվելու իրավունք մենք չունենք: Ինձ համար հարցերի հարցը իմ  պետականության ու երկրի անվտանգությունն է: Ժամանակին Ավետիք Իսահակյանն ասել է. «Ես մեր սահմանին կանգնած ռուս զինվորին աշխարհի հետ չեմ փոխի…»: Իմաստուն խոսք է: Խարդախությունը մեր կողմից պիտի չլինի: