Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, մի անգամ էլ, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել, իսկ հայրը ապտակում է նրան․ ահա թե ո՞րն էր պատճառը

Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։

Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.

— Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալաս՛։
— Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։
— Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։

Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։

— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։