Կրեատիվ ժամանց Հայաստանում․ ինչպե՞ս Գարիկը տեղափոխվեց գյուղ և որոշեց մետաղական ջարդոնները վերածել հյուրատների

Քարտեզագրող Գարիկն ու դիվանագետ Էսթերն ամուսնացան մոտ մեկ տարի առաջ. Նրանք Երևանում թողեցին աշխատանքը ու տեղափոխվեցին Տավուշ։ «Քսանհինգ տարեկան եմ, տասներկու տարին ապրել եմ գյուղում, տասներեքը՝ քաղաքում, բայց երբ հասկացա, որ բալանսը խախտվել է, որոշեցի հայրենադարձվել»,- ասում է Գարիկը։

Երիտասարդ զույգը Շամշադին է տեղափոխվել, որովհետև տարածաշրջանում մեծ պոտենցիալ է տեսնում աշխատելու, ստեղծելու, զարգացնելու համար։

Տարածաշրջանում ագրոտուրիզմը զարգացնելու մեծ հեռանկարներ կան, բայց դրա համար նաև մտածելակերպ է պետք փոխել։ Շամշադին երբևէ այցելած յուրաքանչյուրը կփաստի, թե ինչքան հյուրասեր, սրտաբաց, անշահախնդիր մարդիկ են այստեղ ապրում, գյուղ եկած անծանոթը միանգամից դառնում է սպասված հյուր։

 «Երբ արշավներ էինք կազմակերպում և հարմար տներ ունեցող գյուղացիներին առաջարկում գումարով գիշերակաց տրամադրել, վիրավորվում էին, ասում՝ մեր հյուրին առանց ինչ-որ բանի կպահենք։ Այստեղ մարդիկ ամաչում են փող վերցնել»,- պատմում է Գարիկը։

«Բերդում համարյա ամեն օր անցնում եմ մի վայրով, որ մենք ATK ենք ասում, գարաժներ են. կարծես սովետական հին ավտոբուսների գերեզմանոց լինի։ Իրականում շատ տխուր տեսարան է։ Մի օր էլ մտածեցի, որ այդ ջարդոնի վերածված ավտոբուսները կարող են զբոսաշրջային կրեատիվ իր դառնալ»,- պատմում է Գարիկը։

Այդպես գյուղացիների օգնությամբ սովետական հին, անպետք, մետաղյա ջարդոնի վերածված ավտոբուսը Բերդից հասցվեց Նորաշեն գյուղ։ SovietBus Hotel՝ այս է Գարիկի նորարար մտահղացումը՝ ավտոբուսը վերանորոգել, ներկել, կահավորել ու դարձնել յուրօրինակ ավտոբուս-հյուրանոց, որից ցնցող տեսարան է բացվում դեպի Խրամի ձորը։  

Զույգը լավ գիտի`քաղաք գնալուց հետո երեխան մի քանի ամսում տեսնում ու բացահայտում է այն, ինչի պակասը գյուղում կա, իսկ քաղաքում մեծացած երեխան մի քանի ամիս գյուղում ապրելով՝ պակասը չի լրացնի։