Արթուրը չէր հաշտվում ընկերոջ մահվան հետ, նա Ուրֆանյանի ամեն ամոտ ընկերն էր․ ինքնակամ մեկնեց Ջրական ու զոհվեց հերոսի պես

Քառօրյա պետերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանին ու նրա ամենամոտ ընկերոջ`կապիտան Արթուր Խաչատրյանին ծանոթացրեց ծառայությունը, բաժանեց` պատերազմը։ Արթուրի հայրական տանն ամենուր նրա լուսանկարներն են, պատվոգրերն ու մեդալները, որոնցից միայն մեկն է հետմահու։

Ծնողների հայրենասիրությունը դաստիարակության միջոցով որդիներին անցավ, երևի հենց այդ պատճառով էլ թե՛ Արթուրը, թե՛ նրա ավագ եղբայրը` Արմենը, զինվորական դարձան։ Քառօրյա պատերազմի օրերին Արթուրը ընկերոջ` Արմենակի հետ կյանքի ու մահվան կռիվ էին տալիս Մարտակերտում։

Ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության: Դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքները կասեցվում են հենց 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ: Շատերը նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»:

Արթուրը կարողանում է ողջ մնալ։ Բայց նա չի կարողանում մոռանալ լավագույն ընկերոջն ու Երևան գալուց առաջինը գնում է Եռաբլուր` Արմենակի մոտ, հետո նոր միայն գալիս հայրական տուն։

Սկսվեց 44–օրյա պատերազմը։ Արթուրը վճռեց գնալ ամենաթեժ տեղը` Ջրական։ «Կամավորագրվել էր։ Իր անունը 5 անգամ ցուցակից ջնջել էին, իմացել էր՝ գրել էր տվել։ Որոշեց ու մեկնեց Ջրական, ուր թեժ մարտեր էին»,–պատմում է մայրը։ Արթուրը զոհվել է հոկտեմբերի 20–ին, Ջրականում, ԱԹՍ–ի հարվածից։ Նրան հուղարկավորեցին Եռաբլուրում։