Մի հայի պատմություն․ ինչպես նա Թիֆլիսում դղյակ կառուցեց, որը ցնցեց ողջ Վրաստանը

Թիֆլիսում ապրող Վարդան Արշակունին ուզում էր պարսից իշխանների դղյակների պես դղյակ կառուցել ու դրա համար չի խնայել ո՛չ ուժ, ո՛չ էլ միջոց։

Հարյուր հիսուն տարի առաջ հարուստ առևտրական, ամբողջ Անդրկովկասում ձկնարդյունաբերական ձեռնարկությունների սեփականատեր, պատվավոր քաղաքացի, 1856 -60 թ-ին Թիֆլիսի քաղաքապետ Վարդան Արշակունին հսկայական շենք է կառուցել․ այն մինչ այժմ էլ անվանում են «Արշակունու դղյակ»։ Վրացական Rustavi 2 հեռուստաալիքը ռեպորտաժ է նկարահանել ու ներկայացրել դրա կառուցման պատմությունը։

«Արշակունու դղյակն իրավամբ աշխարհում ճարտարապետության գլուխգործոց է համարվում։ Այն ստեղծվել է պարսից իշխանների դղյակների։ Տան կառուցումն ու ձևավորումը շատ երկար է տևել։ Նույնիսկ, ինքը՝ տան տերը, չի կարողացել տեսնել դղյակն ավարտուն տեսքով, նա մահացել է 1862 թվականին։ Այստեղ ներդաշնակ կերպով համատեղվում են Արևելքի ու Արևմուտքի մշակույթները։ Մի կողմից՝ դուք հայտնվում եք Արևմուտքում, իսկ տան ճակատի կողմից՝ Արևելքում», — ասում է հաղորդման հեղինակը։

Հաղորդավարը նշում է, որ դղյակը ներսից հարդարված է «Հազար ու մի գիշեր» հեքիաթի մոտիվներով։ Արշակունու մահից հետո դղյակում Գեղարվեստի ակադեմիա է գործում։

1902 թվականին շենքի մի մասը գնել է Նինո Կոբուլաշվիլին։ Ակադեմիայի բացման պահից այնտեղ է գտնվել պրոֆեսոր Հենրիխ Գրինևսկու արվեստանոցը։ Գրինևսկին ոչ միայն աշխատել է արվեստանոցում, այլև ապրել է կնոջ՝ բալետի պարուհի Մարիա Պերինիի հետ։