Գիտե՞ք, որ Դերենիկ Դեմիրճյանը 46 տարեկանում աղջիկ է փախցնում․ ահա թե ինչպես է դեպքը տեղի ունեցել

1920 թվականը Դերենիկ Դեմիրճյանի կյանքում ընտանեկան դժբախտություն տարի էր: Մահանում է գրողի սիրելի կինը` Մարիամը, որի հետ ապրել էր տասը տարի: Որբացած ու մայրական խնամքից զրկված Վիգեն որդին, որ նաև հիվանդ էր, գրավում էր Դեմիրճյանի ամբողջ ուշադրությունն ու ժամանակը։ Այդ ժամանակ նրանք ապրում էին Թիֆլիսում, և գրողին օգնում էր իր քույրը՝ Վարսենիկը։ Սակայն գրողը երկար ժամանակ չէր կարողանում վերադառնալ բնականոն կյանքին։ Այդ ժամանակ Դեմիճյանը պարբերաբար ստանում էր աշխատանքի առաջարկություններ Հայաստանից, բայց կտրուկ որոշումներ չէր ընդունում։

1923 թվականի ամռանը նա հրավեր է ստանում հայկական դպրոցների ուսուցիչների երկամսյա դասընթացների ղեկավար Հովհաննես Պողոսյանից` ստանձնելու արվեստի պատմության ու գրականության դասատուի գործը: Դիմիրճյանն անմիջապես համաձայնում է:
Հենց դպրոցում էլ գրողը ծանոթանում է Մարիայի հետ։ Մարիա Միխայիլովնա Ումուդանովան ռուսաց լեզվի ուսուցչուհի էր Թիֆլիսին մոտ գտնվող Բելի Կլյուչ ավանում: Նա ամուսնացել էր նույն դպրոցի վարիչի հետ և զավակ ուներ: Բայց այս ամենը շատ քիչ էին հետաքրքրում գրողին։ Նա պատրվակներ էր փնտրում, որպեսզի հանդիպեր Մարիայի հետ։

Դասընթացները ավարտվեցին, իսկ Դեմիրճյանը հստակ գիտեր՝ Մարիան պիտի իր կինը լինի։ Բայց ոչ մեկ չէր աջակցում գրողին այս որոշման մեջ, բացի Եղիշե Չարենցից։ Չարենցը նրան լսեց և ապա առաջարկեց իրենց ծրագրի իրագործման միակ միջոցը. Մարիային պետք է փախցնել:
Դեմիրճյանը սկզբում տարակուսում էր, չէ որ նա 46 տարեկան էր, բայց վերջում համաձայնվեց։ Որոշեցին այդ մասին տեղյակ պահել նաև դասընթացների ղեկավարին` Հովհաննես Պողոսյանին: Նրան այցելելու ժամանակ մի ​փոքր նստելուց հետո նրանք սկսում են խոսել Մարիայի մասին և ապա հայտնում իրենց որոշուման մասին: Տանտերերն անակնկալի են գալիս, աշխատում են նրան ետ կանգնեցնել այդ քայլից, բայց Դեմիրճյանը զայրացած վեր է կենում ու ասում է Չարենցին.

— Գնացինք, Եղիշ… Կտեսնես, Վանյա, որ ես ու Եղիշը կփախցնենք նրան, անպայման կփախցնենք…

Ըստ Հովհաննես Պողոսյանի կնոջ, իրականում ոչ մի կին փախցնել էլ չի եղել, Մարիան ինքն է իր ոտքով եկել Դեմիրճյանի տուն:

Գրողին ի վերջո հաջողվեց ամուսնանալ Մարիա Ումուդանովայի հետ: Նրանք ապրեցին համերաշխ ու սիրով լցված կյանք։ Նույնիսկ գրողի մահից հետո Մարիան մնաց ամուսնուն հավատարիմ։ Դեմիրճյանի մահից հետո տնօրինեց նրա հարուստ արխիվը` սերունդներին փոխանցելով գրողի գրական ժառանգությունը։