Խմբի բոլոր 15 տղաները անմահացան Աղդամի դիրքերը անառիկ պահելիս. ՀԵՐՈՍ Գորիս Վարագյանի պատմությունը

Մեր հերոս Գորիս Վարագյանը ծնվել է 14.02.2001թ.ին Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում։

Մանկուց շատ ակտիվ երեխա էր,սիրում էր սպորտը։ Զբաղվել է տարբեր մարզաձևերով՝ լող, կառատե, թիավարություն, ֆուտբոլ, բայց ամենից շատ սիրում էր թիավարությունը։ Մասնակցել է շատ մրցույթների ու միշտ զբաղեցրել է առաջատար հորիզոնականներ։ Ստացել է շատ պատվոգրեր, մեդալներ ու մրցանակներ:

Սովորել է Ցամաքաբերդի թիվ 5 միջնակարգ դպրոցում, այնուհետև Սևանի պետական քոլեջում ավտոդարոժնի բաժնում։ Նա շատ ընկերասեր տղա էր, շրջապատում շատ սիրված և հարգված էր, դժվար է նրա մասին խոսել անցյալով։

Նրա երազանքն էր ծառայել հայկական բանակում։ Գորիսը 2019թ.ի հուլիսին ուսումը կիսատ թողելով զորակոչվեց բանակ։ Քոլեջը ավարտելուց հետո նպատակ ուներ շարունակել ուսումը ֆիզկուլտ ինսիտուտում։ Սկզբնական շրջանում ծառայում էր Էջմիածնում, 6 ամիս հետո տեղափոխեցին ԼՂՀ։ Ծառայում էր Ասկերանում` որպես հետախույզ։

Ծառայության ընթացքում մասնակցել է մի շարք մրցույթների և զբաղեցրել է առաջատար հորիզոնականներ` ստանալով լավագույն մարզիկ շքանշան։ Իր ծառայակից տղաների հետ անառիկ են պահել Աղդամի դիրքերը։

Ծառայությունից անցել էր 16 ամիս, երբ սկսվեց պատերազմը։ Հերոսաբար կռվել է թշնամու դեմ` ոչինչ չպատմելով ընտանիքի անդամներին։ Նա այնպես ուրախ ու ոգևորությամբ էր խոսում, որ ոչ ոք չէր զգում, որ պատերազմի մեջ է: Ընտանիքի անդամները միայն զոհվելուց հետո են իմացել նրա կատարած սխրանքների մասին։ Թեժ մարտերի ընթացքում իր կամքով և ստորագրությունով տեղափոխվել է Հադրութ։ Իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները կատարել է գերազանց։

Գորիսը վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է հոկտեմբերի 11-ին, խոսել է շատ ուրախ, էլի ոչինչ չասելով,որ թեժ մարտերի է մասնակցում։ Հերթական մարտական առաջադրանքը գերազանց կատարելուց հետո թշնամին նկատել է իրենց դիվերսիոն խումբը։

Հերոս Գարիսն անմահացավ իր խմբի բոլոր 15 հերոս տղաների հետ․․․