ՀԵՐՈՍ Ռուբեն Գալստյանի զորացրվելուն ընդամենը 3 ամիս էր մնացել, սակայն զոհվեց պատերազմի հենց առաջին օրը

«Սեպտեմբերի 27-ին ա դեպքը եղել, ինքը առաջին զոհերից ա եղել»,- հուզմունքով ասում է 28-ամյա Հռիփսիմե Գալստյանը, որը պատերազմում կորցրել է 19-ամյա եղբորը։

Ռուբեն Գալստյանը ժամկետային զինծառայող էր, ծառայությունն իրականացնում էր Ստեփանակերտին մոտ գտնվող Հայկազով զորամասում։ 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր և տուն վերադառնար, սակայն պատերազմի հենց առաջին օրը Ռուբենը զոհվում է։

«Այդ օրը եղել է հսկիչ անցագրային կետի հերթապահ, հերթապահության ժամանակ էլ դեպքը տեղի ա ունեցել, իր հերթապահությունը չէր, ընկերոջ հետ օրը փոխել էին։ ԱԹՍ-ն է հարվածել։ Եղբայրս ծանր վիրավորում է ստացել, տեղափոխել են հիվանդանոց, հրամանատարն ասել ա՝ Ռուբ, մի՛ մտածի, ամեն ինչ լավ ա լինելու, ասել ա՝ ես գիտեմ, ինձ բան չի լինի, լավ ա լինելու, կարևորը մենք հաղթենք, իրա վերջին խոսքերն են եղել»,- կսկսիծով ասում է քույրը ու նշում, որ հիվանդանոց տեղափոխելու ժամանակ եղբայրը մահանում է։

Հռիփսիմեն ասում է՝ նույն օրն արդեն բարեկամներն ու հարազատները գիտեին դեպքի մասին, սակայն իրեն ու մորը չէին հայտնում․ «Մեզ հաջորդ օրը առավոտյան ասեցին, մամաս մտել էր ֆեյսբուք, հենց ֆեյսբուքում էլ կարդացել էր, իմը նենց էին արել, որ էդ էլ չտեսնեմ։ Հետո ասեցին»,- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է քույրը։

Հռիփսիմեն ասում է՝ կյանքը գլխիվայր է շրջվել, այլևս ոչինչ առաջվանը չէ։

«Մենք չենք կարողանում լիարժեք ապրել։ Մեր կյանքը լրիվ փոխվել է։ Ապրում ենք իրա նկարներով, հուշերով»,- ասում է ու կրկին հուզվում քույրը։

Քույրը պատմում է․ Ռուբենը դեռ փոքր տարիքից շատ աշխատասեր էր, ուշադիր ու հոգատար։ 13 տարեկան էր, երբ հայրը մահացավ, մոր հոգսը թեթևացնելու համար Ռուբենը հաճախ դասի հաճախելու փոխարեն աշխատանքի էր գնում ու գումար վաստակում։

«Մինչև բանակ գնալու վերջին օրն էլ աշխատում էր, շատ մեծ երազանք ուներ, որ մեր տունը վերանորոգեր, որոշ բաներ արեց, մենք սրբությամբ ենք պահում իր սարքածը, իր ձեռքով էլ անում էր, շատ շնորքով էր ձեռքից, ձգտող էր ու շատ հասուն, իմ փոքր եղբայրն ա, բայց որ համեմատում էի՝ շատ կայացած էր արդեն»,- պատմում է քույրը։

Ռուբեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։