«Իր մեքենայով կանանց ու երեխաների է տեղափոխել, իսկ հետո շտապել է զորամաս». ՀԵՐՈՍ սերժանտ Արսեն Մարդիյանի սխրանքները

Արսեն Գարիկի Մարդիյան՝ արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս։

Արսեն Մարդիյանը ծնվել է 1999թ. օգոստոսի 5-ին, Արցախի սրտում՝ Ստեփանակերտում: Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ երկու եղբայր և մեկ քույր: Բոլորի կողմից անչափ շատ սիրված երեխա էր:

Դպրոց գնացել է 2005թ., հաճախել է Ա. Իսահակյանի անվան թիվ 10 միջն. դպրոցը: Սակայն 2008թ., ընտանիքի հետ, տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղ և կրթությունը շարունակել գյուղի իննամյա դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի «Տրանսպորտային միջոցների նորոգում և շահագործում» բաժինը, ավարտել է 2016թ. փականագործի մասնագիտությամբ:

Զուգահեռաբար ակտիվորեն մասնակցել է ռազմահայրենասիրական միջոցառումների: Նույն թվականին էլ պարգևատրվել է «Առաջ Արցախ» երիտասարդական հասարակական կազմակերպության պատվոգրով՝ «Մենք ուժեղ ենք միասին» ռազմահայրենասիրական ճամբարում կրակային վարժության ժամանակ, տղաների խմբում 1 տեղը զբաղեցնելու համար: Ապա 2017թ., հրաձգության մրցույթի ժամանակ, ճանաչվել է լավագույն հրաձիգ և կրկին պարգևատրվել նույն կազմակերպության կողմից։

Արսենը բազմակողմանի զարգացած էր և հոր աջ ձեռքը։ Սիրում էր որսորդություն, ձկնորսություն, ապա լավ էր տիրապետում զենքին: Ապրիլյան պատերազմի ժամանակ 16 տարեկան էր, բայց հոր հետ ամեն ինչով օգնում էր զինվորներին: Մանկուց ապրելով պատերազմական գոտում, շատ իրապատումներ լսելով հայրենիքի ու հայրենասիրության մասին՝ մեծացել էր որպես մեծն հայրենասեր երիտասարդ։

May be an image of 1 person and lake

Եվ ահա 2018թ. հունվարի 8-ին Արսենը զորակոչվեց բանակ; Նա ծառայում էր Ֆիզուլիի N զորամասի 1 «Օսա-ԱԿ» ԶՀԴ (զենիթահրթիռային դիվիզիոն) պահպանության ջոկատում։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել դրական հատկանիշներով, ծառայողական պարտականությունները միշտ կատարել է պարտաճանաչությամբ: Կարգ ու կանոն պահպանող և զինվորական օրենսգիրքն անգիր իմացող զինվորական էր, արդեն կոչումով սերժանտ:

Զորացրվել է 2020թ. հունվարի 8-ին: Սակայն նա հայրենիքի նվիրյալ էր, քաջ հայորդի և իրեն այլևս չէր պատկերացնում բանակից դուրս։ Ու նույն թվականի ապրիլի 27-ին կրկին ծառայության է մտել, ծառայությունը շարունակել է նույն զորամասում:

2020թ-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7:15-ին լսվեց պայթյուն, առաջին պայթյունը: Թեպետ այդ օրը մեր հերոսն աշխատանքի չէր, բայց լսելով պայթյունի ձայնը՝ անհանգստացել է ու իր մեքենայով շարժվել դեպի ՀՈՊ զորամաս, որը գտնվում էր Ուղտասարում: Ճանապարհին տեսնելով գյուղացիների խուճապը, նա ոչ միայն ապաստարանի տեղն է ցույց տվել, այլ նաև, իր մեքենայով, կանանց ու երեխաների է տեղափոխել, իսկ հետո շտապել է զորամաս:

Զորամասում անմիջապես հրաման է ստացել »Օսա-ԱԿ» ԶՀԴ տեղափոխել թաքստոցներ։ Նա այնքան արագ է աշխատել, որ մեկի փոխարեն հասցրել է տեղափոխել երեք «Օսա-ԱԿ» ԶՀԴ: Ապա պետք է պատսպարվեին թաքստոցում և սպասեին հետագա զարգացումներին։ Այդ պահին հակառակորդի կասետային սմերչ է հարվածել հենց այնտեղ, որտեղ մեր անվարան քաջն էր իր զինվորների հետ։ Նրանք չեն հասցրել թաքնվել։ Սմերչի բեկորային հարվածից 6 զինվոր վիրավորվել են, իսկ նա կրծքավանդակի հրազենային բեկորային, կույր, խոռոչը թափանցող մահացու վիրավորում է ստացել, աորտայի և սրտի վնասվածքնրով:

Արսենը քաջաբար հավերժացավ, հավերժի ճամփորդ դարձավ պատերազմի հենց առաջին ժամերին։ 2020թ. սեպտեմբերի 28-ին, Արցախի նախագահի հրամանագրով, մեր հերոսը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մեր հերոսն ապրեց կարճ, բայց իր քաջության շնորհիվ թողեց մի ամբողջ կյանքի պատմություն և այդ պատմությունը դարերով կապրեցնի նրան։ Նա կապրի նաև նրա ավագ եղբոր՝ Արամի նորածին առաջնեկի՝ կրտսեր Արսեն Մարդիյանի միջոցով ու նրա շներհիվ, ով ծնվեց իր հերոս հորեղբոր անմահանալուց ընդամենը երեք օր անց՝ հոկտեմբերի 1-ին։