«Ամուսնուս հեռախոսը ձեռից ընկնում ա, արաբների ձայներն են լսվում, ու կապն ընդհատվում ա». կինը պատմում է ՀԵՐՈՍ ԱՄՈՒՍՆՈՒ` սերժանտ Խաչատուր Բալասանյանի մասին

«Պանիխիդայի օրը փոքրս՝ Արամս (10 տարեկան) սկսեց լացել, մեծս՝ Արմանս (12 տարեկան) գրկեց Արամիս, ասեց՝ մի՛ լացի, էսօրվանից ես քեզ համար հա՛մ հայր եմ լինելու, հա՛մ եղբայր»: Արմանը հոր զոհվելուց հետո միանգամից մեծացավ՝ հուզմունքով ասում է մայրը՝ 36-ամյա Մելանյան Բեգլարյանը։

Արմանի և Արամի հայրը՝ սերժանտ, մասնագիտությամբ սակրավոր 34-ամյա Խաչատուր Բալասանյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հայտնվելով շրջափակման մեջ։

Մելանյան պատմում է, որ պատերազմը սկսվելուն պես ամուսինը մեկնել է առաջնագիծ, սակայն չի ասել, թե որտեղ է, միայն գիտեին, որ Արցախում է։

Կինն ասում է՝ ամուսնու հետ խոսում էին միայն մեկ-երկու վայրկյան։ Խաչատուրը միշտ ասել է՝ ամեն ինչ կարգին է, լավ է։ Կնոջ հետ Խաչատուրը վերջին անգամ խոսել է հենց դեպքի օրը՝ հոկտեմբերի 19-ին։ Ժամեր անց զանգել է եղբորը ու հայտնել, որ հայտնվել է շրջափակման մեջ, ընկերները բոլորը զոհվել են, ինքն էլ վիրավոր ու անօգնական է:

«Էդ պահին հասցրել ա ախպորը զանգել, ասել ա՝ Վազգե՛ն ջան, մենակ եմ մնացել, հույս չկա, որ կապրեմ, խնդրում եմ՝ երեխեքիս լավ կպահեք, մենակ չթողնեք։

Մի քանի վայրկյան անց տեգրս լսում ա կրակոցները, էդ պահին ամուսնուս հեռախոսը ձեռից ընկնում ա, արաբների ձայներն ա լսում, ու կապն ընդհատվում ա»,- պատմում է Մելանյան ու հուզմունքով նշում, որ դատաբժշկական փորձաքննության մեջ գրված է, որ ոտք գրեթե գոյություն չի ունեցել, ասկոլկաների մեջ է եղել։

Ամուսնու զոհվելուց հետո են միայն ընտանիքի անդամները իմացել, որ Խաչատուրը Հադրութում է կռվել հակառակորդի դեմ, որտեղ էլ հոկտեմբերի 19-ին զոհվել է։

Մելանյան ասում է՝ այդ օրվանից կյանքը մղձավանջի է վերածվել, բայց հանուն երեխաների և ամուսնու հետ ունեցած երազանքների իր մեջ ուժ է գտնում։

«Ես տեսակով ուժեղ մայր եմ, կին եմ, չեմ պատրաստվում հանձնվել։ Խաչիկը գնալուց առաջ գիտեր, որ ես ուժեղ եմ, իմ հույսին երկու տղա ա թողել, ու ես իրավունք չունեմ երեխեքին ինքնահոսի թողնեմ, երեխեքի հետ կապված էնքան երազանքներ ուներ, որ իրավունք չունեմ կիսատ թողնելու»,- ասում է 36-ամյա կինը։

«Ես միշտ իրան կարոտ եմ մնացել, երեխեքն էլ, որովհետև ինքը հաճախ երկրից դուրս էր, մենք միշտ կարոտել ենք իրան, ուղղակի գիտեինք, որ էդ ժամանակավոր էր, իսկ հիմա հավերժ ա»,- ասում է ու կրկին հուզվում կինը։