Հերոս Շահենը, տեսնելով կրակը, իր մարմնով փակել է ընկերոջը ու փրկել նրա կյանքը

Հայրենիքը տարավ մեզանից շատերին, մեր նորօրյա հերոսներին։ Նրանք դարձան հավերժի ճամփորդ, հավերժ հերոսներ, որ բռնեցին փառքի ուղին։  Յուրաքանչյուրս պարտական ենք նրանց։ Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին։ Մենք պետք է ճանաչենք նրանց անուն առ անուն։ Նրանցից մեկն էլ Շահեն Գալստյանն է։

Շահենը ծնվել է 2001թ-ին։ Գիտեր չորս լեզու։ Ծանոթները նրան պարի արքա էին անվանում։ 13 տարեկանից ներկայացրել է Հայաստանը արտասահմանյան բեմերում։ Պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները։ Արժանացել է 1-ին և 2-րդ հորիզոնականներին։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՀՊՄՀ պարարվեստի բաժին։ Բերդ պարի մենակատարն էր։

Ծառայում էր Լուսակերտում։ Արժանացել է բազմաթիվ խրախուսնքների։ Շահենի լուսանկարը՝ որպես օրինակելի զինվոր փակցված էր զորամասի պատին։ Հրետանավոր էր։ Դասակի հրամանատարի տեղակալ էր, հասցրել էր դառնալ կրտսեր սերժանտ։ Մասնակցել է ռազմական գործողություններին։ Ջաբրայիլում՝ տեսնելով կրակը՝ իր մարմնով փակել է ընկերոջը ու փրկել նրա կյանքը։ Նա հավերժ մնաց սահմանին, իսկ նրա պարային թռիչքը հասավ երկինք։