«Նա շատ հայրենասեր էր. նրա հպարտությունը, լեգենդը Մոնթեն էր, ում հետ հիմա Եռաբլուրում միասին են»․ հետախույզ Հովիկ Գրիգորյանի պատմությունը

«Հովս շատ բարի մարդ էր, շատ ուշադիր էր թե՛ իմ, թե՛ ընտանիքի, թե՛ ընկերների նկատմամբ: Հովը շատ հայրենասեր էր, սիրում էր խոսել մեր հերոսների մասին. նրա հպարտությունը, նրա լեգենդը Ավոն էր՝ Մոնթե Մելքոնյանը, ում հետ հիմա Եռաբլուրում միասին են»,- պատմում է արցախյան պատերազմում զոհված հետախույզ Հովիկ Գրիգորյանի ընկերուհին:

Հովհաննես Գրիգորյանը հետախույզ էր, մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին: Քաջաբար ընկել է արցախյան պատերազմում հոկտեմբերի 29-ին թշնամու անօդաչուի հարվածից, ընկերոջը մարտադաշտից դուրս բերելու ժամանակ:

Հովիկի հորեղբայրը նույնպես հետախույզ էր, և Հովիկը տեսավ, սիրեց այդ գործը և գնաց այդ ճանապարհով: Ընկերուհին պատմում է, որ Հովիկին վերջին անգամ տեսել է սեպտեմբերի 19-ին, իրար դժվարությամբ են հրաժեշտ տվել.

«Հովիկի հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 28-ի երեկոյան: Հանգիստ էր խոսում, ասաց՝ մի 2 օրից կտեսնվենք, ամեն ինչ կավարտվի և հետ կգանք Արցախ. դե 2 օրից իսկապես նրան տեսա, բայց արդեն զոհված վիճակում»,- պատմում է ընկերուհին: