Հենց այս ճակատամարտից հետո իրենց անկախ հայտարարեցին Արտաշես Ա-ն և Զարեհը. գիտե՞ք՝ ինչ ճակատամարտի մասին է խոսքը

Ք.ա. 2-րդ դարի սկզբին պատերազմ էր ընթանում Հռոմի և Ասորիքում հաստատված Սելևկյան թագավորության միջև՝ Միջերկրական ծովի արևելյան ավազանում առաջնություն ձեռք բերելու համար։

Պատերազմն ընթանում էր արդեն ութ տարի, երբ Ք.ա. 190 թվականի աշնանը սելևկյան թագավոր Անտիոքոս Գ-ն իջավ Եվբեա կղզու ափ, որով էլ նշանավորվեց Մագնեսիայի ճակատամարտի սկիզբը։ Անտիոքոս արքայի կողմից կռվում էին Աետոլյան և Բեովտական միությունները, Էլեա քաղաքը, Մեսսինիան, իշխաններ հարավային Թեսալիայից ու արևելյան Էպիրոսից, ինչպես նաև Մեծ Հայքի մի զգալի մասի կառավարիչ Արտաշես Ա-ն և Ծոփքի կառավարիչ Զարեհը։ Հռոմի կողմից կռվում էին աքայացիները, թեսալացիները Մակեդոնիան և Աթենքը։

Ըստ պատմիչների վկայությունների՝ հռոմեացիների զորքում կար 30 հազար ռազմիկ, իսկ սելևկյանների զորքում՝ 70 հազար։ Սակայն արդի ուսումնասիրողները գտնում են, որ հակառակորդները չէին կարող թվական նման տարբերություն ունենալ, և երկու կողմն էլ ունեցել են մոտ 50 հազար զինվոր։ Պատմիչները թվական նման անհավասարություն են հաղորդում պարզապես փառաբանելու համար Հռոմին և ընդգծելու հռոմեացիների ուժն ու անպարտելիությունը, որ, իբր թե, 30 հազարով հաղթել են 70 հազարին։

Մատենագրության մեջ այսպիսի մի զվարճալի պատմություն կա, իբր Անտիոքոսը հարցնում է Հաննիբալին, որ գտնվում էր իր բանակում, թե արդյո՞ք իր հսկայական ու լավ կազմակերպված բանակը բավարար է Հռոմեական հանրապետության համար, Հաննիբալը դառն քմծիծաղով պատասխանում է. «Լիովին բավարար է հռոմեացիների համար, չնայած նրանց շատակերությանը»։

Ըստ էության, Հռոմը, տոնելով փայլուն հաղթանակ, հնարավորություն ստացավ տարածել իր ազդեցությունը Փոքր Ասիայում և դառնալ Միջերկրական ծովի հզորագույն տերությունը։ Հենց այս ճակատամարտից հետո՝ Սելևկյանների պարտության հետևանքով, իրենց անկախ հայտարարեցին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքի թագավորությունում։