ՍԱՆԱՀԻՆ. ի՞նչ է նշանակում վանքի անվանումը և ինչու՞ է հենց այդ վայրում կառուցվել

Սանահինի վանքային համալիրը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում:

Սանահինի վանքը հիմնադրվել է 966 թվականին Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի կողմից: Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան: Սանահինում դասավանդում էին հումանիտար գիտություններ, երաժշտություն և բժշկություն, գրվում էին գիտական աշխատանքներ (քննախոսություններ). այստեղ էին ստեղծագործում ժամանակի նշանավոր գրիչները, ծաղկողներն ու մանրանկարիչները։

XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ 
Սանահինի վանական հաստատությունը բազմաթիվ անգամ ենթարկվել է հարձակման թշնամիների կողմից: Շինության մի մասը այրվել է, իսկ հուշարձանները գողացել են Սելջուկ և պարսկական ավազակային խմբերը: Այն մեծապես վնասվել է բնական աղետներից, հատկապես 1139 թվականի երկրաշարժից: 


Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը։ Համալիրի հնագույն եկեղեցին` Ս.Աստվածածինը, կառուցվել է 928-944թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։
Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար՝ վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում: Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու և Սարգսի խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են:

Ավանդության համաձայն՝ Սանահինը կառուցվել է այն վայրում, որտեղ խաչ էր տեղադրել Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում: Սանահինի վանքը հիմնադրվել է քիչ ավելի շուտ, քան Հաղպատի վանքը /Սանահին հայերեն նշանակում է՝ «սա ավելի հին է, քան մյուսը: