«Որպես թուրք պետք է ցույց տամ ամբողջական պատկերը»․ թուրք բլոգերը իր վիդեոները նվիրել է հայերին ու հայկական ժառանգությանը

Քիչ չեն այնպիսի թուրքերը, որոնք ընդունում են իրականությունը իր բոլոր երանգներով և անում են ինչ-որ բան  ի օգուտ հայերի։ Արգուն Քոնուքը ազգությամբ թուրք է, հայկական արմատներ չունի, բայց իր վիդեոբլոգների զգալի մասը նվիրված է հայերին ու հայկական ժառանգությանը։

«Իմ կոնտենտը քաղաքական չէ, ես հետաքրքրված եմ մշակույթներով և որպես թուրք ինձ պատասխանատու եմ համարում ցույց տալ ամբողջական պատկերը»,- այսպես է սկսում թուրք երիտասարդ Քոնուքը իր Youtube ալիքում տեղադրված վլոգների մեծ մասը։ Նրա տեսանյութերի է մեծ մասը նվիրված է Թուրքիայում ապրող հայերին ու այնտեղ գտնվող հայկական ժառանգությանը։ Առաջին տեսանյութում նա հանդիպում է Անկարայում ապրող Գևորգ Բալաբանի հետ։

«Ծնողներիս անուններն էին Հակոբ ու Հոռոմսիմ։ Մայրս թուրքերեն լավ չգիտեր, հայերեն էր խոսում տանը։ Ես 100 տոկոս անատոլացի եմ։ Հայերը այստեղ են ապրել 1000 տարուց ավելի, շատ աշխատող մարդիկ են եղել, ամեն ինչ ցանել են», — պատմում է Բալաբանը։

Բալաբանը պատմում է Արգունին Ախթամարի լեգենդը՝ նշելով, որ ինքը միշտ լսել է, թե Թամարին թուրք տղա է սիրահարված եղել, դրա պատճառով էլ նրանց կապին դեմ են եղել ու լույսը մարել են։ Տեսանյութի վերջում հայը թուրք տղային ցույց է տալիս Անկարայի հայկական գերեզմանոցը, կարդում դրանց վրա հայերենով գրված անունները։

Տեսանյութում նշվում է, որ հայկական գերեզմանները կողոպտված են, քանի որ գանձախույզները պարբերաբար ոսկի են փնտրում հայկական գերեզմաններում։ Թուրքը նկարահանումներ է կատարել նաև Կարսում ու Անիում, վերջինիս մասին ասում է, որ հայերը այն «1000 ու մի եկեղեցիների քաղաք» էին անվանում։

Թուրք երիտասարդի վիդեոբլոգները ակտիվ դիտում են Սփյուռքի հայերը, որոնք մեկնաբանություններում պատմում են Թուրքիայում ապրող իրենց նախնիների մասին։