Ուրֆայում գտնվող այս հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է․ ահա թե ի՞նչ են պատմում տեղի բնակիչները

Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է ոչնչացման եզրին: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Թուրքիայում գործող Մարդասիրական օգնության միության անդամ Հաթիջե Թաքուշը փաստել է, որ լքված եկեղեցու «ամենապարտաճանաչ» այցելուները գանձագողերն են, որոնք եկեղեցու մոտ ու դրա ներսում չթույլատրված պեղումներ են իրականացնում՝ վնաս հասցնելով պատմական կառույցին:

«Այստեղ՝ Գերմուշ գյուղում, անցյալում ապրել է ավելի քան 700 հայ ընտանիք: Դա հայտնի է: Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ քաղաքի` աղմուկից փախչելու ու մի փոքր օդ շնչելու համար, նկատում եմ այս եկեղեցին, որը փակ է, այն այցելում են միայն գանձագողերը:

Քանի որ այստեղ արդեն չկա եկեղեցու տապանագիրը՝ մենք չգիտենք, թե երբ է այն կառուցվել: Սակայն ենթադրվում է, որ 19-րդ դարի կառույց է»,- պատմել է լրագրողներին ահազանգած Թաքուշը:

Ուրֆայի մեկ այլ բնակիչ պատմել է լրագրողներին, որ եկեղեցին մինչև 2015 թվականն օգտագործվել է որպես անասնագոմ:

2011 թվականին այս տարածքը նույնպես ընդգրկվել է Զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի ցանկում, տեղական ինքնակառավաման մարմնի պաշտոնյաները Գերմուշում ցուցանակ են փակցրել, սակայն եկեղեցու վերանորոգման համար որևէ ջանք այդպես էլ չի գործադրվել:

«Ո՛չ եկեղեցին պահպանելու համար միջոցներ ձեռնարկվեցին, ո՛չ էլ վերակառուցման համար որևէ աշխատանքներ: Գերմուշում երկու հայկական եկեղեցի է եղել: Մեկն այնքան անուշադրության մատնվեց, վերջնականապես ավերվեց: Մենք ցանկանում ենք, որ այս եկեղեցին ոչ թե ի միջի այլոց, այլ իսկապես պահպանության տակ առնվի ու բացվի քրիստոնյաների այցելության համար», – ասել է բնակիչը։