Քյոխի խիզախ զինվորը. ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ Անդրանիկի հերոսական պատմությունը

Ապերյան Անդրանիկ Արգամի։ Ծնվել է 2001 թվականին Արմավիր մարզի Վանանդ գյուղում։

Ծննդյան օրը փետրվարի 25 լույս 26ին է։ Քանի որ, Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը 25֊ին է, ծնողները անվանակոչեցին Անդրանիկ։ 2012 թվականին ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն։

Այտեղ Անդրանիկս շատ կարճ ժամանակահատվածում սովորեց լեզուն, սովորում էր գերազանց, մասնակցում էր շատ օլիմպիադաների ու առաջին տեղ էր զբաղեցնում։ Ուզում էր ուսումը շարունակեր և ուներ այդ հնարավորությունը, բայց նախընտրեց պարտքը տալ հայրենիքին։ Առաջին անգամ Հայաստան է վերադարձել 2017 թվականին։ Նա ոգեշնչված էր հոր պատմած բանակային կյանքից (հայրը ծառայել է Ջաբրաիլում), և ապրիլյան քառօրյա պատերազմից։ Այդ իսկ պատճառով 17թվականին եկավ բանակի համար հաշվառվելու։ Անդրանիկը շատ էր սիրում մեր գյուղը, որը սահմանամերձ գոտի էր թշնամու՝ թուրքերի հետ։

Երբ եկավ մենք քույր և եղբայր գնացինք գյուղի այգիներով զբոսնելու։ Շատ անմոռանալի օրեր էին և՛ իմ, և՛ նրա համար։ Անդրանիկը ամեն անգամ ափսոսանքով էր նայում մեր Արարատ լեռանը, մեր հողերին, ու ամեն անգամ ափսոսում էր, վրեժով էր լցված և երազում էր հետ բերելու մասին։ Մի ամիս մնալուց, կարոտը իր գյուղից ու Հայաստանից առնելուց հետո վերադարձավ ՌԴ:

Անդրանիկը շատ ոգեշնչված էր և օր առաջ ուզում էր համալրել հայոց բանակի շարքերը։ Զորակոչվեց հունվարի 7ին։ Նրան ճանապարհեցինք շատ մեծ շուքով։ Զորակոչվեց Արցախ և ծառայությունը սկսեց Եղնիկներում (Տոնաշեն) Կարեն Ջավալյանի (Քյոխի) հրամանատարության ներքո։ Երբ մենք Անդրանիկին ասում էինք, որ լավ կլիներ ծառայես Հայաստանում, Անդրանիկը ասում էր, ոչ ես պետք է ծառայեմ Արցախում հենց սահմանին։

Անդրանիկը ծառայում էր գերազանց, ուներ շատ պատվոգրեր, ընկերներ։ Մենք շատ տեղեկություն չունեինք նրա բանակայաին կյանքից։ Պատերազմի օրերին, երբ Անդրանիկը զանգահարում էր մեզ շատ հպարտ և ոգևորված էր խոսում, և նա էր մեզ ոգեշնչում, այլ ոչ թե մենք նրան։ Ասում էր, որ հանկարծ չվախենանք, իր հետ ամեն ինչ կարգին է։

Նրան ընտրել էին հետախույզ իր գիտելիքների և խելացի լինելու համար։ Եղել է հենց Քյոխի խիզախ զինվորներից։ Անդրանիկը պատերազմի առաջին օրերից մասնակցել է կռվին։Եղել է Եղնիկներում, Կուբաթլուում և Շուշիում։

Խիզախ կռիվներ տալուց հետո ընկել է Շուշիում, Քարին տակում, թեժ մարտերի ընթացքում, նոյեմբերի 7֊ին։ Իսկ նրա հետախույզ լինելու մասին ծնողները իմացել են միայն անմահանալուց հետո։