Այս ՀԱՅԸ հարվածային գործիքներով սկսել է հետաքրքրվել դեռ 2 տարեկանից. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը և ինչու է նրա նվագելու ոճը ճանաչվել ունիկալ

Խոսքը ամերիկահայ թմբկահար Ջոն Դոլմայանի մասին է, ով նվագել է հանրահայտ «System of a Down» խմբում, իսկ 2003 թ.-ին մեկ այլ հայազգի երաժիշտի ` «System of a Down» խմբի նախկին կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնել է «Scars on Broadway» խումբը։

Դոլմայանը ծնվել է 1973 թ.-ի հուլիսի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, հայկական ընտանիքում։ Երբ Ջոն Դոլմայանը դարձավ 5 տարեկան, Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Դոլմայանների ընտանիքը տեղափոխվում է Տորոնտո, այնուհետև Լոս Անջելես։

Դոլմայանը սկսել է հետաքրքրվել հարվածային գործիքներով դեռ 2 տարեկանից։ Առաջին անգամ լիարժեքորեն հարվածային գործիք է նվագել 15 տարեկան հասակում։ Ինքնուսույց է, անհատական ոչ մեկի մոտ չի պարապել։ Օրական 4-6 ժամ հատկացնելով հարվածային գործիքներին Ջոն Դոլմայանը աստիճանաբար բարելավել է իր նվագելու որակը։ Ըստ Ջոն Դոլմայանի նրա նվագելու ոճի մեջ մեծ ազդեցություն են թողել թմբկահարներ Կիտ Մունը (The Who), Ջոն Բոնեմը (Led Zeppelin), Ստյուարտ Կոպլենդը (The Police), Նեյլ Պիրտը (Rush)[1]:

1997 թ-ին, երբ System of a Down խմբի առաջին թմբկահար Էնդի Խաչատրյանը ստանում է ձեռքի վնասվածք և լքում է խումբը, խմբին միանում է Ջոն Դոլմայանը։ System of a Down խմբի հետ նա ձայնագրում է 5 ալբոմ System of a Down (1998), Toxicity (2001), Steal This Album! (2002), Mezmerize (2005), Hypnotize (2005): 2006 թ-ին System of a Down խումբը ժամանակավորապես դադարում է իր գործունեությունը, իսկ Դարոն Մալաքյանը իրականացնում է իր հին մտահղացումը և Ջոն Դոլմայանի հետ շարունակում է իր գործունեությունը նոր Scars on Broadway խմբում։ Նշված խմբի հետ Ջոն Դոլմայանը ձայնագրում է 1 ալբոմ ` Scars on Broadway (2008):

Ջոն Դոլմայանի նվագելու ոճը ճանաչվել է ունիկալ։ Այն մեծ ազդեցություն է թողել թմբկահարների նոր սերնդի վրա։ Շատ քննադատներ նրա նվագելու ոճը անվանում են շիզոֆրենիկ։ Ջոն Դոլմայանի հարվածային սոլոներին կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ ` լսելով Deer Dance, I-E-A-I-A-I-O և Question երգերը։

Ջոն Դոլմայանը և Ջոուի Ջորջիսոնը այն միակ թմբկահարներն են, որոնք մեյնսթրիմ մետալ ոճի մեջ երբեմն օգտագործում են դեթ մետալին բնորոշ էլեմետներ։ Այդ տարրերը բավականին լավ արտահայտված են System of a Down խմբի B.Y.O.B. երգի մեջ։

Հարվածային գործիքների մեջ Ջոն Դոլմայանը նախընտրում է Tama մոդելի հարվածային գործիքներ։ 2006 թ.-ի ամռանը Ջոն Դոլմայանը մի քանի հարցազրույցների ընթացքում նշեց, որ ուզում է հիմնել Torpedocomics օնլայն կազմակերպություն, որը կզբաղվի կոմիքսների վաճառքով։

Դոլմայանն այժմ 48 տարեկան է: