Ինչպե՞ս ադրբեջանաբնակ քուրդը «փրկեց» Դադիվանքը

Դադիվանքի վանական համալիրը գերում է և կերպարանափոխում մարդուն։ Այն կրում է Քրիստոսի 70 աշակերտներից մեկի` Թադևոս առաքյալի աշակերտ սուրբ Դադիի անունը։ Դադին քրիստոնեություն է քարոզել Քարվաճառի շրջանի բնակչությանը։ Նրան քարկոծելով սպանել են։ Քրիստոնեության ընդունումից հետո նրա գերեզմանը ուխտատեղի է դարձել։ Կառուցվել է դամբարան, որտեղից էլ հենց սկիզբ է առնում վանական համալիրը։

Ինչպես պատմել է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, Արցախում միակ որմնանկարները պահպանվել են հանգամանքների բերումով։

Որմնանկարներից մեկի վրա պատկերված է Հիսուսը, որն Ավետարանը փոխանցում է Նիկողայոս Հրաշագործին։ Այստեղ կարելի է տեսնել նաև Աստվածամորն ու հրեշտակապետ Միքայելին։

Երկրորդ որմնանկարի վրա պատկերված է Սուրբ Ստեփանոսը, որը քրիստոնեություն է քարոզել, բայց ժողովուրդը հրաժարվել է ընդունել ուսմունքը և քարկոծել է նրան։ Որմնանկարում երևում է, թե ինչպես են Աստծու հրեշտակները նրա հոգին երկինք տանում, իսկ նա ասում է. «Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»։

«60-ականների սկզբին Դադիվանքում բնակեցրել են մի քուրդ հովվի։ Նա եկել է իր մեծ ընտանիքով` ծնողների, կնոջ և երեխաների հետ։ Նրան տվել են կովեր, ձիեր և ամբողջ վանահամալիրը վերածվել է գոմի», — պատմում է քահանան։

Այն 8-10 տարիների ընթացքում, որ քուրդ ընտանիքն անցկացրել է Դադիվանքում, եկեղեցու պատերն ամբողջությամբ պատվել են մրով` թշնամու աչքից թաքցնելով անգին որմնանկարներն ու գրությունները։ Բացի այդ, հովիվը վանական համալիրի տարածքը պաշտպանել է չարագործներից` իր սեփականությունը համարելով այն։ Այս էր պատճառը, որ ադրբեջանցիները չնկատեցին որմնանկարները ու չոչնչացրին։