«Ես չե՛մ հնազանդվի այդ որոշմանը, դա դավաճանություն է». ՀԱՅ, ում հերոսությունը եթե չլիներ, գուցե այսօր պետություն չունենայինք. կարդացե՛ք նրա կյանքի վերջին խոսքերը

1918 թվական.

Թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում: Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ: Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում և ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ:

Գուրգեն Տեր-Մովսիսյանցն այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում և հայտարարում. «Ես չե՛մ հնազանդվի այդ որոշմանը։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք չունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է և հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետևից գա»:

Այս ասելով` կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու: Դրանից մի քանի օր առաջ Արամ Մանուկյանը, հեռախոսազրույց ունենալով Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի Ազգային Խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Հակոբյանի հետ, ասել էր՝«Պատրաստվում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարապատի մոտ: Ի սեր Աստծո, գոնե երեք օր պաշտպանեցեք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերի մեր վրա»:

Շտաբս-կապիտան Պետրոսյանցը այս դեպքից մեկ ամիս անց իր զեկուցագրում նշել է` «Մարտկոցն իր գեղանի-հերոս հրամանատարի` շտաբս կապիտան Մովսիսյանցի գլխավորությամբ, ում հավատում էին բոլոր զինվորներն ու սպաները, երգելով, ուրախ կանչերով, բոլորը ձիերի վրա, շարժվեցին առաջ մարդկանց չդադարող ուռաների ու ծնկաչոք կանանց կողմից հնչեցվող բարեմաղթանքների ուղեկցությամբ: Մարտկոցը ողջ գիշեր առանց ընդմիջման շարժվեց առաջ, և մայիսի 24-ի առավոտյան հասանք Ղարաքիլիսա»:

Ղարաքիլիսա են մեկնում նաև Դիլիջանում գտնվող զինվորականները, ինչպես նաև Նժդեհի կոչով զենք վերցրած աշխարհիկ տղամարդիկ: Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպում են հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը: Կապիտան Մովսիսյանցը մայիսի 25-ին զոհվում է մարտում: Շտաբս-կապիտան Պետրոսյանցը հիշում է՝ «Հանկարծ տեսանք, թե ինչպես հրամանատար Մովսիսյանցը ընկավ ձիուց, իսկ ձին սլացավ: Նետվեցինք առաջ, բարձրացրինք նրան, բայց մեր հերոս հրամանատարն արդեն չկար. Փամփուշտը խոցել էր նրա որովայնը:

Նա հասցրեց ասել՝ «Չթողնեք ինձ այստեղ և վրեժս լուծեք»:

Մեր բոլոր զինվորները, թողնելով հրանոթները և վերցնելով հրացանները, նետվեցին թուրքերի վրա՝ կանչելով՝
— Չկա հրամանատարը, էլ ինչու ենք ապրում մենք: Փամփուշտների հեղեղի տակ ես ստիպված էի ձիով ընթանալ ռազմի դաշտում և աղաչել զինվորներին ետ գալ ու հրանոթները գործարկել»:

Զինվորները կատարում են իրենց հրամանատարի վերջին պատգամը` վրեժ լուծել թուրքերից:
Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Թուրքերի առաջխաղացումը կաշկանդվում է և նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երևանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից: Եվ հայերին հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարտը ու փրկել երկիրը:

Եվ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին ու զենքերը վայր դնելով՝ հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը: Եվ այդտեղ անգնահատելի է կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցի սխրանքը: