«Եթե չլիներ Աննան, ես չէի լինի այն, ինչ կամ». գիտե՞ք՝ հայ գրողներից ով էր այսքան երախտապարտ Աննային՝ Սայաթ-Նովայի ծոռնուհուն

Այս խոսքերի հեղինակը Պերճ Պռոշյանն է, բայց մինչ պարզելը, թե ով է Աննան, ձեզ ենք ներկայացնում մի քանի տվյալներ հայ մեծանուն գրողի կյանքից:

Այսպիսով՝ Պերճ Պռոշյանը՝ նույն ինքը Հովհաննես Ստեփանի Տեր–Առաքելյանը, ծնվել է 1837 թվականի հունիսի 3-ին Աշտարակում, դերձակի ընտանիքում:

Նախնական կրթություն ստացել է Աշտարակի ծխական վարժարանում (1849-1852), ապա կարճ ժամանակ՝ Երևանի արքունական դպրոցում։ 1856 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ և ձևավորվել են նրա ազգային–դեմոկրատական ըմբռնումները՝ Պ. Շանշյանի ազդեցությամբ։

Պերճ Պռոշյանը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ուսուցչական կազմի հետ

Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857 թվականին վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ վարել է գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը, որը հնարավորություն է տվել նրան մոտիկից ծանոթանալու գյուղի կյանքին։
2 տարի անց Պռոշյանը մեկնել է Թիֆլիս, եղել է Ներսիսյան դպրոցի նախապատրաստականի ուսուցիչ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում (1861), այնուհետև՝ Շուշիում (դասավանդել է հայ գրականություն, հայոց լեզու և պատմություն[2]), Ագուլիսում, Աստրախանում, մանկավարժությամբ զբաղվել է Հայաստանի տարբեր վայրերում, հրատարակել դպրոցական կանոնադրություններ։ 1879 թվականին հրավիրվել է Էջմիածին, նշանակվել Երևանի թեմի և Կարսի վիճակի հոգևոր դպրոցների տեսուչ, աշխատել մինչև 1881 թվականը։ Այդ տարիներին աշխարհաբարի է վերածել մի ավետարան, որի համար Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում։ 1887 թվականին վերադարձել է Թիֆլիս:

Պերճ Պռոշյանի հայրը՝ Ստեփան Տեր-Առաքելյան Պռոշյանցը (Խուբովյանց) եղել է դերձակ։ Նա ամեն ինչ արել է, որ որդիները լավ կրթություն ստանան և դրա համար հրավիրել է Էջմիածնից Շապուհ Շահնազարյանցին, ով բացել է դպրոց Աշտարակում։ Նախնական գրել-կարդալը Պերճ Պռոշյանը սովորել է հորից և եղբորից՝ Խուբով (Տեր-Առաքել)։ Ծնունդով աշտարակցի մայրը՝ Ֆալաք Մարգարյան-Մելումյանցը եղել է մեծահարուստի ընտանիքից։

Պռոշյանի կինը՝ Աննա Դոլգյանը, մայրական կողմից եղել է Սայաթ-Նովայի ծոռնուհին։ Եղել է կիրթ և բանիմաց կին։ Հետագայում Պռոշյանը իր հուշերում գրել է, որ եթե չլիներ Աննան, ինքը չէր լինի այն, ինչ կար։ Աննան և Պերճը ունեցել են 6 զավակ՝ 3 աղջիկ և 3 տղա:

Պերճ Պռոշյանի ընտանիքը