ՀԱՅ ՎԱՂԱՄԵՌԻԿ ՀՐԵՇՏԱԿԸ, ով մահացավ դեռ 30-ը չբոլորած. ո՞վ է ՄԵՐ ՀԱՅՈՒՀԻՆ, ում առաջ խոնարհվում էր ողջ ԻՐԱՆԸ

Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի սրահներից մեկի մուտքին փակցված է մի ցուցանակ` «Սաբրինա Գրիգորյանի անվան ցուցասրահ», որտեղ ներկայացված է սփյուռքահայ հայտնի նկարիչ, դերասան, կոլեկցիոներ, իրանական մոդեռն արտի հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հավաքածուն:

Առաջին անգամ Մարկոս Գրիգորյանը Հայաստան այցելեց դեռևս Խորհրդային Միության տարիներին, իսկ 1990-ականների սկզբներին նա Երևան բերեց անձնական հավաքածուն, այդ թվում` իր գործերից, և նվիրեց Հայաստանի կառավարությանը` ի հիշատակ վաղամեռիկ դստեր:

Գուցե Մարկոն երբեք էլ մտադրություն չունենար Հայաստանին նվիրել իր բավական արժեքավոր անձնական հավաքածուն` այն պարզապես ժառանգություն թողնելով դստերը, եթե չլիներ ճակատագրի ողբերգական դիպվածը… Միանգամայն անսպասելիորեն, 1986թ. ամռանը, սրտի տագնապից մահանում է Մարկոյի միակ դուստրը` երիտասարդ դերասանուհի Սաբրինա Գրիգորյանը:

Սաբրինային Հայաստանում այսօր էլ քչերն են ճանաչում, նրա կենսագրությունը ներառված է մեր կողմից հրատարակված «Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ» կենսագրական բառարանում Սաբրինան, սակայն, հայտնի անուն էր թեհրանահայ համայնքում, նրան ճանաչում էին Լոնդոնում ու Նյու Յորքում:

Սաբրինան ծնվել է 1956թ. Հռոմում Մարկոս Գրիգորյանի և Ֆլորա Ադամյանի ընտանիքում:
Մեծ է եղել հոր՝ Մարկոյի ազդեցությունը Սաբրինայի վրա, ով նույնպես դարձավ արվեստի մարդ: Մարկոն միշտ էլ հետևել է աղջկա գործունեությանը և աջակցել նրան: Սաբրինան նախնական կրթությունը ստացել է Թեհրանում, իսկ միջնակարգը` Նյու Յորքում, ուսանել է նաև Շվեյցարիայում:

Սաբրինայի խոշոր, նշաձև աչքերը, հայացքի թախիծը, ինչպես նաև` թավշյա ձայնը պարզապես գերում էին հանդիսատեսին: Ընդհանուր առմամբ, Սաբրինան խաղացել է շուրջ երկու տասնյակ, ամենատարբեր բնույթի ու ծավալի դերեր` Եվրիպիդեսից մինչև Շեքսպիր, Չեխով և Իբսեն:

Սակայն նրա արվեստի թռիչքն ավարտվում է: Դեռևս չբոլորած երեսուն տարին, 1986-ի օգոստոսին, Սաբրինան Նյու Յորքում հրաժեշտ տվեց իր երկրային կյանքին: Նրա վաղաժամ մահը ցնցեց իր հարազատներին, ընկերներին, գործընկերներին ու երկրպագուներին:

Սաբրինան թեև չի այցելել Հայաստան, սակայն նրա հայրը` Մարկոն, փաստորեն կարողացավ կենդանի պահել նրա հիշատակը նաև Հայաստանում` հիմնադրելով նաև «Սաբրինա Գրիգորյան. երաժշտության և դրամայի մրցանակը», որը նախատեսված է Նյու Յորքի, Լոնդոնի, ինչպես նաև Երևանի երիտասարդ շնորհալի արվեստագետներին խրախուսելու համար: