«ՀԱՅԵ՛Ր, շտապեցեք ՀԱՅՐԵՆԻՔՆ ազատելու, եթե պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ». ԳԵՆԵՐԱԼԻ կոչը ՀԱՅ ժողովրդին

ԶՈՐԱՎԱՐ ՍԻԼԻԿՅԱՆԻ 1918-Ի ՄԱՅԻՍԻ 24-ի ԿՈՉԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ.

«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու:

Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի` հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար:

Մենք չէինք ուզում կռվել. հանուն խաղաղության ու հաշտության, պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրված ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ:

Գուցե, հաջողվի մեզ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը:
Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի առաջ:
Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթհայթել իրենց օրվա ապրուստը:

Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենք վերցնելու, և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով` հայրենիքի պաշտպանության համար:

Հայուհինե՛ր, հիշեցե՛ք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի` անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնահարվի, խրախուսեցեք նրանց ու արհամարհեցեք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գալուց: Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ…

Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընթացքում կկազմակերպվի մի այնպիսի քաջարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:

Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության,
Հանուն ոտնակոխ եղած ճշմարտության՝
Ոտքի կանգնեցեք: Դեպի՛ սրբազան պատերազմ»:
24.5.1918 թ.