«Փախչել չկա, ո՞ւմ առաջ փախչենք, թուրքի՞».  Հերոս Վարդանի մասին պատմում է ծառայակիցը

Մհեր Օթարյանը ծառայել է Վարդան  Մկրտչյանի հետ, ով 2015 թվականի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը զոհվել է հակառակորդի դիվերսիան հետ մղելիս:

«Ցանկանում եմ իմ ծառայակիցներից մեկի` Վարդան Մկրտչյանի կյանքի վերջին րոպեներից մի դեպք պատմել: Հնարավոր է` շատերդ չիմանաք նրան, բայց նա իմ հերոսներից է: Վարդանի հետ զորամաս ենք եկել նույն օրը, նույն մեքենայով և ծառայել ենք նույն վաշտում: Վարդանը նման էր բոլորին, ոչ մի բանով չէր տարբերվում  մյուս զինվորներից:

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերն ադրբեջանական զինուժը ձեռնարկում է դիվերսիոն գործողություն, որի արդյունքում հերոսանում է Վարդանը: Նրա հերոսության ու կյանքի վերջին վայրկյանների մասին պատմել է զինակից ընկերը։

«Դիրքերում էինք, Վարդանն անհանգիստ էր: Շները շատ էին հաչում: Ասաց. «Ես եմ այդ շներին պահում և նրանց հաչոցները սովորական չեն, հաստատ մի բան այն չէ, արի առաջանանք»: Մենք առաջացանք և այդ ժամանակ մթության միջից մեր ուղղությամբ կրակոցներ հնչեցին: Մի քանի փամփուշտ կրակեցինք և հասկանալով, որ շրջափակման մեջ ենք՝ շրջվեցինք և դեպի դիրք վազեցինք: Սակայն այդ պահին Վարդանը կանգ առավ, դիրքավորվեց և ասաց. «Դիրքավորվի՛ր, փախչել չկա, ո՞ւմ առաջ փախչենք, թուրքի՞»… ու սկսվեց մարտը»:

Նրանք պայքարում են հերոսի պես, բայց Վարդանը զոհվում է այդ օրը, սակայն իր կյանքով փրկում է շատերին, քանի որ թույլ չի տալիս հակառակորդին ոչ դիրք մտնել, ոչ էլ իր սև գործն ավարտել թիկունքում: Հազար փառք ու խոնարհում մեր նահատակներին։