«Ի՞նչ ես ուզում, մուրացիկ». ինչու՞ Բակունցի մայրը հարսին մուրացկան անվանեց և արդյո՞ք հարսը նրան պատմեց Բակունցի գնդակահարության մասին

Գրողի մայրը մինչև կյանքի վերջ սպասում էր, որ որդին կվերադառնա աքսորից։ Իսկ ահա Բակունցի կնոջը՝ Վարվառային, ազատ արձակեցին 8 տարի հետո։

Բակունցը հոգեբանորեն շատ ծանր էր տանում բանտում անցկացրած օրերը։ Գրողի կինը՝ Վարվառա Բակունցը, իր 1954թ․-ին գրված «Բակունցի մասին» գրքում պատմում է, որ իրեն թույլ են տվել այցելել ամուսնուն բանտում, և նա հետը տարել է 11-ամյա որդուն՝ Սևադային։

Բակունցի մայրն այդպես էլ չիմացավ որդու գնդակահարության մասին. քիչ հայտնի դրվագներ - Sputnik Արմենիա
Բակունցի կինն ու որդին

«Ալեքսանդրը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիներ: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: «Որդիս, -անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը, -այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Ինձ էլ ասաց՝ «Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել»։

Կնոջն ուղղված վերջին նամակներից մեկում Բակունցը գրում է, որ իր համար շատ ծանր է ապրել անտեղյակության մեջ։

Բակունցի մայրն այդպես էլ չիմացավ որդու գնդակահարության մասին. քիչ հայտնի դրվագներ - Sputnik Արմենիա
Բակունցն ու որդին՝ Սևադան

«Ծա՜նր է, շա՜տ ծանր… Չգիտեմ՝ գիշեր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո… Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»:

1937 թվականի հուլիսի 8-ին Բակունցին գնդակահարեցին։ Եվ երբ 10 օր անց ոչինչ չկասկածող Վարվառան եկավ բանտ, նրան ասացին, թե Բակունցին աքսորել են։ Իրեն՝ Վարվառային, ձերբակալեցին սեպտեմբերի 17-ին իբրև «ժողովրդի թշնամու» կողակցի։ Վարվառան 8 ամիս անցկացրեց բանտում, այնուհետև նրան 8 տարով աքսորեցին Տեմնիկովի ուղղիչ աշխատանքային գաղութ։ Նա Հայաստան վերադարձավ միայն 1945թ․-ի աշնանը։

Հայաստան վերադառնալով՝ Վարվառա Բակունցը շտապեց Գորիս` ցանկանալով ամուսնու ծնողների մոտ գտնել որդուն։ Սկեսրայրն այդ ժամանակ արդեն մահացած էր։ Նիհար, պատառոտված հագուստով նա մոտեցավ ամուսնու հայրական տանը։ Բոխչագյուլը՝ Բակունցի մայրը, այդ պահին ծառից խնձոր էր հավաքում։ Նա անծանոթուհուն հերթական մուրացկանի տեղ դրեց։

«Խնձո՞ր ես ուզում։ Կտամ, կեր ու գնա»,-ասաց ծեր կինը։

Վարյան դողացող ձայնով ասաց` ով է ինքը։ Բոխչագյուլն անսպասելիությունից ընկավ։

Վարյան, որն արդեն գիտեր ամուսնու մահվան մասին, հասկացավ, որ սկեսուրը տեղյակ չէ և սպասում է, թե երբ է որդին աքսորից վերադառնալու։ Նա այդպես էլ ամուսնու մորը ճշմարտությունը պատմելու ուժ չգտավ։ Բոխչագյուլը մինչև իր մահը՝ 1957թ․-ը, սպասեց որդու վերադարձին․․․

Վարյան սկզբում սկսեց ռուսերեն դասավանդել Գորիսի մոտակայքում գտնվող Շինուայր գյուղում, այնուհետև որպես դաստիարակչուհի աշխատանքի անցավ Գորիսի մանկապարտեզում։ Մահացավ 1965 թվականին։

Բակունցի և Վարվառայի որդին՝ Սևադա Բակունցը, դարձավ բժիշկ-ֆիզիոլոգիստ։