Ինչպե՞ս էր ամերիկացի Ուիլյամ Հասկելը փորձում Նախիջևանը, Արցախը և Զանգեզուրը նվիրել Ադրբեջանին

1919 թվականի օգոստոսի 21-ին ամերիկացի ռազմական-քաղաքական գործիչ Ուիլյամ Հասկելը Երևան ժամանելուց հետո հանդիպումներ է ունենում և զրուցում Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության հետ։ Զրույցների ժամանակ Հասկելն ընդգծում է, թե ինչ ծրագրերով է եկել։ Առաջին հայացքից Հասկելի ծրագրերն ու խոստումները բացառապես հայանպաստ են։ Դրա մասին մանրամասն ներկայացրել ենք նախորդ համարներում։ Սակայն խոստումներից կարճ ժամանակ անց Հասկելն անցնում է գործի։ Հետագայում արդեն տեսնում ենք, որ Հասկելի խոստումներն ու գործերն իրար այդքան էլ չեն համապատասխանում։

Արդեն իսկ օգոստոսի 23-ին նա մեկնում է Թիֆլիս, ապա և՝ Բաքու։ Բաքվում Հասկելը հանդիպում է Ադրբեջանի կառավարության հետ, որպեսզի քննարկի Շարուր-Նախիջևանի հարցը։ Բաքվում Հասկելը հանդիպում է Ադրբեջանի կառավարության ղեկավար Նասիբ բեկ Ուսուպբեգովին, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարին։ Քննարկումներից հետո` օգոստոսի 29-ին, Ուսուպբեգովն ու Հասկելը ստորագրում են պայմանագիր, որը բացառապես ադրբեջանամետ պայմանագիր էր.

«Այդ պայմանագրի համաձայն՝ «Շարուր-Դարալագյազի և Նախիջևանի գավառներում պիտի հաստատվի չեզոք շրջան», որի կառավարությունը պիտի հանձնվի գնդապետ Հասկելի նշանակած ընդհանուր նահանգապետին։ Երկու կողմերն այդ շրջանից հանում են իրենց զորքերին ու գործակալներին, և կազմակերպվում է տեղական իշխանություն։ Այսպիսով Շարուր-Դարալագյազ-Նախիջևանի շրջանները հայտարարվում էին վիճելի, որով գնդապետ Հասկելը յուրացնում էր ադրբեջանյան տեսակետը։

Ավելին՝ պայմանագրի 9-րդ կետն ասում էր. «Հայաստանի կառավարությունը պիտի գործադրե իր ամբողջ ազդեցությունը հանգստացնելու համար հայ ազգաբնակչությունը չեզոք շրջանում և Զանգեզուրում»։ 12-րդ կետով «Ազրբեջանի կառավարությունը համաձայնում է ամեն կերպ դյուրացնել Ամերիկյան նպաստամատույցի պարենավորման և սնունդ տալու գործը Շուշիի և Զանգեզուրի շրջանների ազգաբնակչությանը»։ 15-րդ կետով «Բաքու-Ջուլֆա շինվող երկաթուղագիծը պիտի լինի բացառապես Ազրբեջանի կառավարության իշխանության տակ և ոչ ոք չպիտի խառնվի նրա կառուցման գործում»։ 16-րդ կետ. «Հայաստանի չեզոք շրջանի սահմանը պիտի լինի այն տեղը, որը կոչվում է Գայլի Դրունք»։
Այլ կերպ ասած, Հասկելը Զանգեզուրը և Արցախը տալիս է Ադրբեջանին։ Հաշվի առնելով նաև այն, որ չեզոք գոտի էր համարվում նաև Դարալագյազը (ներկայիս Վայոց ձորի մասը)։