Թուրքերը հեռացան, բայց փոխարենը եկան սովն ու սարսափելի տիֆը. ինչպե՞ս և ու՞մ օգնությամբ ՀԱՅԵՐԸ կարողացան հաղթահարել համաճարակը
Թուրքերը հեռացան, բայց փոխարենը եկան սովն ու բծավոր տիֆը: 1918-ի վերջերից արդեն հայտնի էր Երևանում և Հայաստանի տարածքում աջ ու ձախ մահ սփռող վարակի անունը՝ բծավոր տիֆ: Արամից բացի այդ հիվանդությանը զոհ գնացին Երևանում հայտնի չորս բժիշկներ՝ Անդրեասյանը, Զաքարյանը, Շահբազյանը, Նալբանդյանը:

Բծավոր տիֆը ուղեկցվում էր համատարած սովով: Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրությունը 1918-ի վերջերից սկսել էր զորքերը դուրս բերել Հայաստանից: Եթե հիմնադրման ժամանակ Հայաստանի տարածքը 10-12 հազար քառակուսի կիլոմետր էր, ապա կես տարի անց այն կրկնապատկվեց, երբ թուրքերը հեռացան Ալեքսանդրապոլից (Գյումրի), Լոռու հատվածից, Ղամարլուից (Արտաշատ) ու Իգդիրի շրջաններից:
«Միացյալ Նահանգների պարենավորման դիկտատոր Հուվերը, Եվրոպայի փրկիչը հետպատերազմյան սովից, եղավ և Հայաստանի ժողովրդի իրական փրկիչը։ Ինչ էլ լինի մեր վերաբերումը դեպի Ամերիկայի քաղաքական դերը հայկական խնդրում, ամերիկյան մարդասիրական նպաստն ու պարենը երբեք չենք մոռանա, չպե՛տք է մոռանանք»,- գրում է Սիմոն Վրացյանը իր «Հայաստանի հանրապետություն» կոթողային հատորում (Երևան, 1993, էջ 254-256)։

Հայաստան օգնություն հասցնելու նպատակով առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին մեկնեց ԱՄՆ։
Ըստ Վրացյանի՝ 1919 թվականի ընթացքում Հայաստանը Ամերիկայից ստացել է․
1 միլիոն 295 հազար 243 փութ ալյուր,
256 հազար 758 փութ ցորեն,
125 հազար փութ լոբի,
68 հազար 563 փութ բրինձ,
20 հազար փութ կորեկ,
8 հազար 10 փութ եգիպտացորեն,
10 հազար 738 փութ վարսակ,
5 միլիոն 950 հազար տուփ խտացրած կաթ,
12 հազար փութ կակաո,
44 հազար փութ շաքար,
5 հազար փութ ճարպ,
Հազար հինգ հարյուր փութ թեյ։
Համաձայն կնքված պայմանի՝ 1920 թվի սկզբին գալու էր 2 միլիոն 170 հազար փութ ալյուր։
Ամերիկայից ստացվող ալյուրից 238 հազար 449 փութը ուղարկվեց Ախալքալաք։
Հայաստանում բծավոր տիֆն ու սովը նահանջեց 1919-ի ապրիլ-մայիսից և Հայաստանը երկար ժամանակ գոյատևեց ու ապրեց ԱՄՆ-ի օգնության շնորհիվ: