Ալվարդ Միրզոյան. ինչպե՞ս այս ՀԱՅՈՒՀԻՆ դարձավ շատ երիտասարդների ոգեշնչման աղբյուրը





Հայ քանոնահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալվարդ Հենրիկի Միրզոյանը ծնվել է 1956 թվականի մարտի 9-ին Երևանում։

Ալվարդը 1971 թվականին ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որտեղ քանոնահարուհուն նկատել է ժողգործիքների վարիչ Ալեքսանդր Շահբազյանը։

Շահբազյանը մշակեց քանոնի համար նոր ծրագիր ընդգրկելով ռուսական, եվրոպական, հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները, Ալյաբև, Պագանինի, Սարասատե, Սեն-Սանս, Խաչատուրյան, Սաթյան և այլն։ Այս և մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողն էլ Ալվարդ Միրզոյանն էր։

1973 թվականին Հանրապետական մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և ոսկե մեդալի։ 1973 թվականին Վորոնեժում կայացած միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է ոսկե մեդալի։ Մասնակցել է նաև Գերմանիայի Վիսբադեն քաղաքում կայացած միջազգային փառատոնին։

1970 ականներին բազմաթիվ համերգներ ու մենահամերգներ է ունենում Հայաստանում ու նրա սահմաններից դուրս։ համամիութենական ու միջազգային մրցույթ-փառատոնների դափնեկիր Միրզոյանը համերգներով հանդես է եկել Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Սիրիայում, Իրաքում, Հորդանանում, Կիպրոսում, աֆրիկյան մի շարք երկրներում։ Խորհրդային Միության մի շարք քաղաքներում, Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի հանրաճանաչ բեմերում։

1975 թվականին Խաչատուր Ավետիսյանի հրավերով աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում որպես մենակատար։ 1978 թվականին Խաչատուր Ավետիսյանի գլխավորությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացվեց ժողովրդական նվագարանների բաժին, որտեղ առաջին ուսանողներից մեկը եղավ Ալվարդ Միրզոյանը։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո ընդունվել է որպես դասախոս ու մինչ օրս դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ 2005 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։

Ալվարդ Միրզոյան կատարել է Խաչատուր Ավետիսյանի գրած նոր ստեղծագործությունների` կոնցերտների, սոնատների, տաղերի, բազմաթիվ պիեսների առաջնանվագը։ Հետևելով քանոնի ծաղկուն շրջանին, մի շարք կոմպոզիտորներ գրեցին նոր ստեղծագործություններ նվիրված քանոնահարուհուն։

Կոնսերվատորիան ավարտելուց հետո սովորել է ասպիրանտուրայում։ Մշակույթի նախարարության հատուկ հրամանով ասպիրանտուրայի տեղ է իջեցվել ու նա եղել է առաջին ասպիրանտը։