«Պատերազմի դաշտում մեր բոլորիս դուխն էր, բոլորս նրան «պապա» էինք ասում, առանց իր զինվորի հաց չէր ուտում»․ հերոս հրամանատարի պատմությունը

Յուրաքանչյուր պատմության մեջ կա մի անուն, մի ընդհատված կյանք ու կիսատ թողած երազանքներ։ Մեր հերոսներից մեկն էլ 26-ամյա կապիտան Արմեն Սահակյանն է։

Արմենը որոշել էր՝ պետք է  զինվորական դառնա։ Ծնողները դեմ չեղան։ 2016 թ․-ին մասնակցեց ապրիլյան քառօրյա պատերազմին։ 5 տարի Ջաբրայիլում ծառայելուց հետո վերադարձավ Տավուշ։ Սեպտեմբերի 24-ից Տավուշի դիրքերում էր։ Պատերազմի սկսվելուն պես՝ կապիտանը հասկանալով, որ Արցախը կրկին իր կարիքն ունի, առանց մտածելու, հոկտեմբերի 1-ին զինվորների և կամավորականների խմբի հետ միասին մեկնեց Արցախ.

Արցախի ամենաթեժ կետերից մեկում՝ Մատաղիսում, 28 օր անառիկ պահեց իրեն վստահված դիրքերը։ Մահից 10 օր առաջ Արմենը վիրավորվեց: Պատմում են, որ բժիշկներին արագ մարմնից բեկորները հեռացնել էր տվել ու կրկին բարձրացել դիրքեր։ Ընտանիքը մահից հետո է իմացել, որ Արմենը դրանից առաջ վիրավոր է եղել։ «Ասել էր զորքս իմ կարիքն ունի, ես պետք է հետ գնամ, չեմ կարող իրենց մենակ թողնել»։

Զինվորները փաստում են, որ  նրան որպես ընկեր էին ընդունում, հարգում էին նրա ամեն մի խոսքը ու սիրում նրա  տեսակը։

«Պատերազմի դաշտում մեր բոլորիս դուխն էր։ Ասում էր՝ պատերազմը տղամարդու համար է, մենք այստեղ ենք պաշտպանելու մեր հողը, մեր հայրենիքը։ Բոլորի համար ծնող էր, անվախ էր, ուժեղ կամք ուներ, սիրում էր հայրենիքը։ Իր համար առաջին տեղում իր զիվորն էր, առանց իր զինվորի հաց չէր ուտում»,- պատմում է կամավորներից մեկը։

Կապիտան Սահակյանին տղաները «պապա» անվանմամբ էին կնքել։ Հոգատար հրամանատար էր։ Վիրավոր զինվորներին իր ձեռքով վիրակապում էր առաջին օգնություն էր ցույց տալիս՝ մինչև բժիշկները կհասնեն։

«Մեր Արմենը բացառիկ հրետանավոր էր, հրաշալի հրամանատար։ Կանգնում էր բարձր դիրքում, որ բոլորը իրեն տեսնեն ու այնտեղից կրակի հրաման էր տալիս։ Զրահաբաճկոն ու սաղավարտ չէր կրում, թշնամու արկերը անցնում էին գլխի վերևով, բայց Արմենը անսասան մնում էր կանգնած իր տեղում։ Մեր արձակած ամեն մի արկ դիպուկ էր։ Նրա ամեն հրաման տեղին էր ու ժամանակին։ Իրենից կախված հնարավորն ու անհնարինն արել է։ Երբ մահացավ, բոլորս էինք ցավում ու լացում իր համար»,- պատմում է կամավորականներից Ավետիք Սարուխանյանը։