«Կովկասի համար մի արև էր, որ շլացրեց և շշմեցրեց իր փայլով»․ ո՞վ էր այն հայը, որ կախարդել էր Երվանդ Քոչարին

Երվանդ Քոչարը քանդակագործ Հակոբ Գյուրջյանի հետ ծանոթանում է 1917 թվականին, Թիֆլիսում, հայ արվեստագետների ցուցահանդեսում և այնպես է կախարդվում Գյուրջյանի կերտած Մելիքյան ամուսինների դիմաքանդակներով, որ հետագայում գրում է. «…Այնքան կենդանի և ազնիվ շնչով տոգորված էին այդ արձանները, որ տղաները թաքուն համբուրում էին կնոջ շուրթերը, իսկ աղջիկները՝ տղամարդու մարմարե ազնվական ուսերը… Ի՛նչ նրբություն, ի՛նչ երազական քնքշություն… Ինչ հիացմունքով ու ոգևորությամբ էինք հետևում, երբ նա քանդակում էր Շիրվանզադեին, և ինչպիսի վարպետությամբ նա կերտեց մեծ գրողի կապույտ աչքերի տիրական հայացքը, հապա զորավար Անդրանիկի հուժկու, առյուծանման գլուխը… Կովկասի համար Գյուրջյանը մի արև էր, որ շլացրեց և շշմեցրեց իր փայլով…»:

Հանճարեղ Քոչարին կախարդած քանդակագործը Շուշի բերդաքաղաքի ծնունդ է, աղքատ ընտանիքի վեցերորդ զավակը, որ փոքր հասակում սիրում էր կավից, փայտից մարդկանց ու կենդանիների քանդակել, հետո դիմել նաև քարին: Հետագայում նկատելով նրա տաղանդը, նկարիչ Ստեփան Աղաջանյանը հորդորում ու խորհուրդ է տալիս շարունակել ու լրջորեն զբաղվել քանդակագործությամբ:


Նկարիչ Մարտիրոս Սարյանի դիմաքանդակը

Երվանդ Քոչարի բնութագրմամբ՝ «Գյուրջյան արձանագործն այն երջանիկներից է, որը կարողացել է արժանանալ արվեստների մայրաքաղաք Փարիզի կախարդական ժպիտին, որ անմահություն է խոստանում, և որի սրտին տիրանալ ոչ ոք չի կարողացել…»: Ի դեպ, գուցեև առաջնահերթորեն նկատի ունենալով Գյուրջյանին, Քոչարը մեծագույն ողբերգություն է համարել, որ մեր երկիրը շատ փոքր է, իսկ նրա ծնած հոգու և հանճարի կորովը՝ այնքան մեծ, որ չի կարողանում դրանք սնել և մեծացնել, և որ նրա զավակներից շատերն «օտար հորիզոնների տակ օտար ժողովուրդներին են մատուցում իրենց քանքարը…»:

«Գյուրջյանը բանաստեղծ-արձանագործ է: Նրա առատ և խորը զգացումը ճկում, շնչավորում է պլաստիկ ֆորման և ոճավորում, ներդաշնակում է տեսանելին զգայականի հետ»,- գնահատողը կրկին նրա արվեստով հիացած Երվանդ Քոչարն է: