Լսե՞լ եք Գրիգոր Նարեկացու ճիպոտի մասին առասպելը․ ահա թե ի՞նչ է պատահել նրա ճիպոտին

Գրիգոր Նարեկացին յոթ տարի հովիվ է եղել Զևիկ գյուղում: Մի բարակ ճիպոտով նա արածացրել է տիրոջ եզները առանց ծեծելու ու նրանց վրա բարկանալու: Տիրոջը զայրացրել է նրա բարությունը:

Էլ ինչ հովիվ, որ ճիպոտով եզան մեջքին չխփի, — ասել է տերը և փորձել նրա ձեռքից խլել ճիպոտը:

Գրիգոր Նարեկացին ճիպոտը տնկել է գետնի մեջ և ինքն անհետացել: Տերը փորձել է ճիպոտը հանել հողից` չի կարողացել: Եվ Զևիկ գյուղի կենտրոնում Գրիգոր Նարեկացու տնկած ճիպոտը արմատակալել, ծաղկել և դարձել է մշտականաչ ու հոտավետ գիհի ծառ: Նրա սևակապտավուն պտուղը անվանում են հայկական ձիթապտուղ:

Սովորաբար գիհի ծառը, որի փայտը չի փտում, ապրում է մինչև չորս հարյուր տարի: Բայց Զևիկի գիհին ուրիշ բան է: Չորս հարյուր տարին մեկ չորս տարով չորանում է, նորից կանաչում: Հիմա Գրիգոր Նարեկացու տնկած գիհին հազար տարեկան է: