Գիտե՞ք՝ որ ՀԱՅ գրողն է հիմնել Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը. պարզվում է՝ նա այդ քայլն արել է հենց այն ժամանակ, երբ աքսորված էր ԱՇՏԱՐԱԿ

Խոսքը Վահրամ Ալազանի (Գաբուզյան) մասին է՝ ծնված 1903 թվականին Վասպուրական աշխարհի Վան քաղաքում։

Վահրամ Ալազան.jpg

Սկզբնական կրթությունն ստացել է Վանի Արարք թաղամասի ծխական դպրոցում։

Ալազանն անձամբ է տեսել ու ապրել հայոց ցեղասպանության ողբերգությունը, և ընտանիքի հետ ապաստան գտել Երևանում, որտեղ ուսմանը զուգընթաց, մասնագիտացել է գրաշարության մեջ։

1918 թվականին Վահրամը «Ուրարտու» տպարանում աշխատում է որպես գրաշար-բանվոր, 1921 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ գրաշար։ Վ. Գաբուզյան ստորագրությամբ տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում՝ լույս են տեսնում նրա բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքներն ու ակնարկները, այս անգամ արդեն «Ալազան» ստորագրությամբ։

1922 թվականին հրատարակվում է գրողի անդրանիկ գիրքը՝ «Տարիների խաղը» պոեմը։ Այս տարիներին Ալազանն ակտիվորեն մասնակցում է գրական ու քաղաքական կյանքին։ Եղել է «Ավանգարդ» թերթի հիմնադիրներից մեկը (1922), «Տպագրական բանվոր» բազմատիրաժ լրագրի խմբագիրը (1922-1930), Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի նախագահ (1923-1932), Հայաստանի և Անդրֆեդերացիայի կենտգործկոմների անդամ (1923-1936), Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը (1933-1936), «Գրական թերթի» խմբագիրը (1932-1936)։

Վահրամ Ալազանին բախտ է վիճակվել մասնակցելու 1935 թվականին Փարիզում տեղի ունեցած մշակույթի պաշտպանության միջազգային առաջին կոնգրեսին։ 1936 թ. տրոցկիստ, նացիոնալիստ, հակահեղափոխական, Բերիայի դեմ մահափորձ կազմակերպող խմբի անդամ և նմանատիպ այլ անհիմն մեղադրանքների հիման վրա դատապարտվում է 10 տարվա ազատազրկման։

1946 թվականին պատժաչափը Սովետական Միության մոտ տասնյակ բանտերում կրելուց հետո վերադառնում է հայրենիք։ Սակայն որպես նախկին քաղաքական բանտարկյալ, նրան թույլ չեն տալիս ապրել Երևանում և աքսորում են Աշտարակ։

Հենց Աշտարակում էլ Ալազանը, անկախ իր կարգավիճակի ու անտանելի պայմաններից, կարողանում է հիմնել Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։

1949 թվականին վերոնշյալ անհիմն մեղադրանքներով, այս անգամ արդեն ցմահ, աքսորում են Սիբիր։ 1954 թվականին՝ լիովին արդարացվելուց հետո, վերադարձել է հայրենիք, սակայն բանտերում և աքսորներում կրած տառապանքներն անհետևանք չեն մնում։

Տաս տարի (1956-1966) մինչև մահ կաթվածահար գամված է եղել անկողնուն։ Ծանր հիվանդության տարիներին նա իր մեջ կարողացել է ուժ գտնել և իր կյանքի տառապալից ուղին թելադրել թղթին ու հանձնել պատմությանը։

Հետմահու՝ 1990 թվականին, տպագրվել է «Տառապանքի ուղիներում» գիրքը, որտեղ հեղինակը ներկայացրել է ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանի դաժան մթնոլորտը։ Գիրքը հարուստ է 1930-1940-ական թվականներին բանտային ռեժիմի մասին եղած փաստագրական նյութով։

Վահրամ Ալազանը մահացել է 1966 թվականի մայիսի 17-ին, թաղված է քաղաքային պանթեոնում։