«Այդ դռները թակել է Գուրգեն Մահարին: Ես միշտ սպասում էի նրան: Ես ոսկուց դռներ չեմ ուզում». Գիտե՞ք՝ ով է Գուրգեն Մահարու երկրորդ կինը և ինչպես են նրանք ծանոթացել

Հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուրգեն Մահարու երկրորդ կինը լիտվուհի Անտոնինա Պավլիտայտեն է՝ ծնված 1923 թվականի դեկտեմբերի 29-ին Վիլնյուս քաղաքում:

Անտոնինա Մահարի.jpg

1935 թվականին Գ. Մահարին ամուսնացել է մի հայուհու հետ։ 1936 թվականին ծնվել է նրանց որդին Գրիգորը։ Ցավոք, գրողին վիճակված չէր ընտանեկան երջանկություն։ Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936 թ. oգոստոսի 9-ին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան բռնաճնշումների արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։

Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թ., երբ արդեն մահացել էր նրա մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թ., Գ. Մահարին կրկին աքսորվել է Սիբիր որպես անբարեհույս տարր, բայց այս անգամ իբրև ազատ աքսորյալ։

Այս անգամ նրան թույլատրվել է կարդալ ու գրել։ Աշխատել է որպես խոզապահ և միաժամանակ գրել է «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեի հետ։ Նրանք ամուսնացել են 1952 թ., ունեցել մեկ որդի Գուրգեն կրտսերը, որը մահացել է պատանի հասակում և մեկ դուստր` Ռութա-Նազիկը, որը հիվանդությունից մահացել է մանուկ հասակում։

Սովորել է Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում։ Եղել է Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ, անցել է ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ է ընկել և աքսորվել Սիբիր:

Անտոնինայի գրած Գուրգեն Մահարու սիբիրյան ոդիսականի առաջին էջերը տպագրվել են 1970 թվականին Բեյրութում՝ Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» հանդեսում։ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում պարբերաբար հատվածներ են տպագրվել «Իմ ոդիսականը» գրքից:

Անտոնինան մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 3-ին, 94 տարեկան հասակում և թաղված է Երրորդ գյուղի (Սիլիկյան թաղամաս) գերեզմանոցում՝ որդու կողքին։