«Նրանք իրավունք չունեն ինձ քաղցած թողնելու». գիտե՞ք՝ ով էր Լեյլին և ինչ էր գրել Չարենցը իր՝ Լեյլիին ուղղված նամակում

Հայտնի է Չարենցի սերը բանաստեղծուհի Լեյլիի (Փառանձեմ Սահակյան Տեր-Մկրտչյան) հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում 1922 թվականին։ Ի դեպ, այդ շարքը Չարենցը գրել է Լեյլիի ալբոմում, որը սկսվում է Արմենուհի Տիգրանյանի ձեռքով գրված «Նորը լավ է, քան թե հինը…» եռատուն բանաստեղծությամբ:

 Սիրելի Լեյլի: Այս անգամ արդեն այնքան կարոտով եմ գրում (կարոտ-тоска) «սիրելի Լեյլի», որ կարծես գրում եմ Արևին, Աշխարհին ու Մարդուն, այսինքն նրանց, որ սիրում եմ ամենից ավելի և սիրում եմ այնպես, ինչպես մանկությունն են սիրում: 
Լեյլի ջան, Լեյլի, Լեյլի. լավ Լեյլի: Այնքան կարոտել եմ քեզ, Լեյլի: Ասում եմ ինձ. կար մի հին աշխարհ. անունը-Նայիրի: Իմն էր այդ աշխարհը՝ Նայիրին: Արև էր-Լույս, կապույտ, հեռու: Մրգեր կային՝ խաղող, ինչքան շատ,-բատիստե դեղձեր. դեղձեր՝ շրթունքների նման թավ, աղջկա այտերի նման դեղձեր, սեխը-ոսկեկոնք Շամիրամ, ախ, ինչ հիմար անասուններ են նկարիչները, որ մրգեր նկարելիս գրում են «Natur mort», մեռած են իրենք, և ոչ թե մրգերն են «մեռյալ»: Ուզում եմ շոգ-շոգ-շոգ լինի, Լեյլի, երկինք լինի կապույտ-կապույտ, ինչպես պողպատի, կամ ծովի փայլը, մրգեր լինեն շատ, հասուն, գույնզգույն և լինի Լեյլին, Լեյլու աչքերը լինեն և ժպիտը խայթող (շոգ արևի նման): 
Այսպես եմ մտածում ես՝ հանրակացարանի մի անկյունում ընկած, հանրակացարան, որտեղ ապրում են քսան հոգի. կինս պառկել է «մահճակալի վրա» ինչի՞ մասին է մտածում, Լեյլի. նա լավ աղջիկ է, Լեյլի. ես նրան այնքան եմ սիրում, ինչքան Շամիրամը Արային: Եվ երևակայիր, Լեյլի՛. քսաներեք տարեկան ամուսնանալ, լինել պոետ, ֆանտազյոր, սիրող և հանկարծ ընկնել հանրակացարան, որտեղ պառկելու տեղ անգամ չկա, կիսաքաղց, կիսահիվանդ. իսկ ձմեռը: Իսկ կինս՝ Արփիկը, Լեյլի: Լեյլի, լավ Լեյլի, Լեյլի: Լեյլի: Ես հիմար դրության մեջ եմ ընկել, Լեյլի: Եկա, որ մտնեմ համալսարան-բայց ընկա հանրակացարան… որովհետև Պետական համալսարանը հանրակացարան չունի և սնունդ չի տալիս: Իսկ ես ոչ մի կոպեկ չունեմ: Չգիտեմ-ի՞նչ անեմ: Նորից հազարերորդ անգամ մտածում եմ մեր հայրենի դեմքերի սևության մասին, ինչքան սև են, գորշ են, ծանր են մերոնք, Լեյլի… Իմ դրությունը հիմա ավելի քան անել է. Մի կողմից գրավում է Մոսկվան, ուզում ես կրթվել, գրել, մեծ, մե՜ծ, մե՜ծ մտքեր են հղանում, հսկայական պլաններ, մյուս կողմից… հանրակացարան, կինս-քաղցած, ո՛չ մի ծանոթ դեմք… Հայաստան վերադառնալ ես չեմ ուզում. Մնալ այստեղ. չեմ կարող. Ի՞նչ անել…. Երևակայիր, Լեյլի, այնքան անել դրություն, որ ես վերցրել և մի նամակ եմ գրել… ո՞ւմ… Մակինցյանին!! Մի մարդու, որին ամենից քիչ կուզենայի գրել. բայց… գրեցի, որովհետև սիրում եմ կնոջս, և կինս քաղցած է, да ведь они, наши наиряни, напливали на мою душу, загрязили бсе, что было светло. Նրանք իրավունք չունեն ինձ քաղցած թողնելու, Լեյլի և Մնաց բարով, Լեյլի: Սիրտս արագ է խփում. Էլ չեմ ուզում գրեմ: Շատ-շատ-շատ կարոտով իմ հանրակացարանի մութից մինչև Կովկաս պարզում եմ շրթունքներս, որ համբուրեմ Լեյլիին:

Չարենց