«Զառանցում էի։ Աչքերս երբ բացում էի, բան չէի տեսնում։ Կուրացե՞լ էի». ինչու՞ էր Հրայր Դժոխքը նման վիճակի հասցրել զորավար Մախլուտոյին

Զորավար Մախլուտոն պատմում է Դժոխք Հրայրից ստացած ծեծի մասին.

«Գոմս գյուղի վրայով անցանք Կուրաու՝ Քեռիի գյուղը, որտեղ պետք է լիներ Հրայրի հրավերով ժողովը։ Ժողովը տեղի ունեցավ Մուրադյանների տանը։ Ժողովը արդեն պետք է ավարտվեր, երբ տեղի ունեցավ ինձ հետ կապված միջադեպը, որ հատկանշական է հեղափոխական բարքերի խստության տեսակետին։

Տան բակում հանդիպեցի ծանոթ գյուղացի մի կնոջ, ով մոտեցավ ինձ և սովորական խոսակցությունից հետո հետաքրքրվեց.
-Դու է՞լ եկար, ֆիդայի դարձար։
Տակավին չէի պատասխանել երբ Հրայրը խստորեն գոչեց.
-Սմբա՛տ,-կանչեց։

Շեշտի մևջ հանդիմանություն, սաստ և զայրույթ կար։
Զգացի, որ պատճառը կարող էր լիներ կնոջ հետ խոսակցությունս։ Գիտեի, որ հայդուկներին արգելված են կնոջ հետ հարաբերությունները: Բայց ծանոթ կնոջ հետ պարզ, անմեղ խոսակցությունը, այն էլ բոլորի ներկայությամբ, և բացի այդ մի կնոջ, որ իր տարիքով ավելի շատ մայր կարող էր լինել ինձ, ինչպե՞ս կարելի է արգելված համարել: Կինն էլ, ինչ-որ բան զգալով, գլուխը կախ հեռացավ:

Բայց դրանով միջադեպը չավարտվեց։
Ժողովը վերջացավ նույն օրը և գիշերը, տրված որոշման համաձայն, Սուլուխ պիտի գնայինք։ Բայց Հրայրը տակավին ինձ հետ հաշիվներ ուներ կարգադրելու, մանավանդ որ ինձնից հետո մեր խմբի Ջնդոյին էլ էր տեսել կնոջ հետ խոսելիս։ Նրան տեղնուտեղը դաս տվեց՝ մի լավ ծեծի ենթարկելով։

Խումբը արդեն շարժվելու վրա էր, երբ Հրայրը ինձ կանչեց։ Զգացի, որ փոթորիկ կգա գլխիս վրա, բայց չգիտեի, որ փայտի հարվածների տեսքով։

-Ինչո՞ւ,-ասաց,-այդ կնոջ հետ կտեսնվեիր:
-Ծանոթ էր, տեղեկություններ տվեց տանս մասին։
Պատասխանս ու բացատրությունս չէի ավարտել, երբ ճյուղից նոր կտրված մի թարմ ու ճկուն ճիպոտով առաջին հարվածս ստացա:

-Շան տղա…

Չեմ հիշում, թե Հրայրի կատաղությունը քանի հարվածից հետո անցավ։ Բարակ ու ամուր փայտով իր ծանր ձեռքերով անսրտորեն հարվածում էր մերկ ոտքերիս, գրեթե միշտ նույն կետերի վրա։ Հարվածների տակ արյունս եռում էր, պոռթկում, բայց հպարտությամբ զսպում էի ցավս ու ձայն էի հանում։

Հրայրը իմ լռությունը երևի անզգայության էր վերագրել, դրա համար չէր խնայել հարվածները…
Երբ Սուլուխ հասանք, ես ուժասպառ վիճակում էի։ Մարմինս այրվում էր, տենդ ունեի ու ոտքերիցս, որոնք սաստիկ ցավում էին, արյուն էր գալիս Հրայրի ճիպոտի բացած վերքերից։

Տկարությունս հետզհետե սաստկանում էր։ Ջերմությունը վառում էր մարմինս, գլուխս իմս չէր։ Զառանցում էի։ Աչքերս երբ բացում էի, բան չէի տեսնում։ Կուրացե՞լ էի։ Ու զարհուրելի վախ բռնեց ինձ։
-Ջնտո՛,-կանչեցի, երբ մի քիչ հանգստացա,-բան չեմ տեսնում, տղա՛, գիշե՞ր է, թե՞ ցերեկ։
-Խելքի՞դ եկավ, Սմբատ, կես օր է դեռ։
-Բա խի՞ չեմ բան տեսնում։
Լուրը հասավ Հրայրին, որ եկավ ու քանի քաջալերական խոսքերով փորձեց ինձ հանգստացնել…